Վայոց ձորի քաղաքական կյանքում իշխանությունները փոխվում են, բայց որոշ ընտանիքների հարաբերությունները իշխանության հետ, կարծես, մնում են նույնքան կայուն։ Փոխվում են միայն ժամանակներն ու քաղաքական թիմերը։
Վերջին օրերին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հանդիպման ժամանակ վարչապետին վստահեցրել է, որ մարզում իշխանությունը որևէ խնդիր չի ունենալու։ Ասել է, թե ամեն ինչ վերահսկվում է, ամեն ինչ «սաղ արած-դրած» է, և այլ քաղաքական ուժերը Վայոց ձորում իրական մրցակցություն ստեղծելու շանսեր չունեն։
Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը եղել է կարճ և բավական խոսուն․
«Օրը գա, աչքս տեսնի»։
Բայց այս պատմության ամենակարևոր հարցը ոչ թե այդ խոսքերն են, այլ այն, թե ով է դրանք ասում և ինչ քաղաքական անցյալ ունի այդ ընտանիքը։
Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը գործարար Աշոտ Արսենյանի որդին է։ Վերջինս տարիներ շարունակ եղել է Ջերմուկի և ամբողջ մարզի ամենաազդեցիկ գործարարներից մեկը՝ մեծ տնտեսական ազդեցությամբ։
Սակայն Աշոտ Արսենյանի ազդեցությունը սահմանափակված չէր միայն բիզնեսով։
Այն տարիներին, երբ Հայաստանը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը նաև ակտիվ քաղաքական դերակատարություն ուներ։ Նա եղել է Ջերմուկի քաղաքապետ, իսկ ավելի ուշ դարձել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Ազգային ժողովում։
Տեղական քաղաքական շրջանակներում վաղուց հայտնի էր, որ ընտրությունների ժամանակ հենց այդ ազդեցիկ տնտեսական և վարչական կապերն էին աշխատում իշխանության օգտին։ Ջերմուկում և Վայոց ձորում Հանրապետական կուսակցության համար անհրաժեշտ ընտրական ձայների ապահովման հարցում Աշոտ Արսենյանի դերակատարությունը դժվար էր անտեսել։
Այլ կերպ ասած՝ քաղաքական ազդեցությունը և տնտեսական ռեսուրսները երկար ժամանակ աշխատել են նույն ուղղությամբ։
Տարիները անցան, իշխանությունը փոխվեց, Հանրապետական կուսակցությունը դուրս մնաց իշխանությունից։ Բայց հետաքրքիր զուգադիպությամբ իշխանությանը մոտ լինելու ավանդույթը կարծես շարունակվեց նույն ընտանիքի ներսում։
Այսօր արդեն իշխանությանը վստահեցնողը որդին է՝ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, նույն վստահությամբ ասում է, որ մարզում իշխանությունը խնդիր չի ունենա։
Եվ հենց այստեղ է առաջանում ամենաբնական հարցը։
Այս խոստումները պետության համար են, թե՞ ընտանիքի տնտեսական կայունության։
Որովհետև Հայաստանի քաղաքական իրականությունը բազմիցս ցույց է տվել մի օրինաչափություն,երբ բիզնեսը չափազանց սերտ է կապվում քաղաքականության հետ, իշխանության փոփոխությունը հաճախ դառնում է ոչ թե արժեքների կամ գաղափարների փոփոխություն, այլ պարզապես նոր պայմանավորվածությունների սկիզբ։
Մի ժամանակ իշխանությանը վստահեցնում էր հայրը՝ Աշոտ Արսենյանը։
Այսօր նույն վստահությամբ խոսում է որդին՝ Վահագն Արսենյանը։
Իսկ իրական հարցը մնում է նույնը։
Վայոց ձորի մարզպետի պաշտոնը պետական պատասխանատվությո՞ւն է։
Թե՞ պարզապես լավագույն ապահովագրությունն է այն բանի համար, որ բիզնես ճանապարհները միշտ բաց մնան՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ով է իշխանության ղեկին։
Գուցե հենց այդ պատճառով էլ վարչապետի արձագանքը, ըստ աղբյուրների, եղել է զուսպ ու կարճ․
«Օրը գա, աչքս տեսնի»։
Որովհետև Հայաստանի քաղաքական պատմությունը մեկ բան արդեն բազմիցս ապացուցել է․ երբ ինչ-որ մեկը հայտարարում է, թե ամեն ինչ «սաղ արած-դրած է», իրականությունը հաճախ պարզվում է միայն այն օրը, երբ այդ օրը վերջապես գալիս է:
Քրիստինե Ավագյան