Ջալալ Հարությունյանի փաստաբանական խումբը դեռ դատական ակտը չի ստացել, հայտնի չէ՝ ինչ պատժաչափ կսահմանվի ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ։
«Նոր քրեական դատավարությամբ՝ պրոցեսը երկու փուլի է բաժանվել. առաջին դատական պրոցեսը միաժամանակ ընթանում էր բոլոր հարցերի քննարկումով ու ավարտվում էր, դատարանն ակտ էր հրապարակում ու մեջը գրում ՝ արդարացնել կամ մեղավոր ճանաչել, եթե մեղավոր էր ճանաչում՝ պատիժ կիրառել կամ չկիրառել, բազմաթիվ հարցեր կան, որ վերջնական ակտով կար, հիմա քննում է, նայում է ապացույցները, մեղավորության վերաբերյալ հայտարարում է, թե ինչ է որոշել ու ոչ մի թուղթ չի տալիս, տվյալ դեպքում՝ դատարանը հայտարարել է վերդիկտն ու ասել՝ ճանաչել մեղավոր, հիմա այս քննությունը կարող է տևել երկու շաբաթ, վեց ամիս կամ երկու ամիս, չեմ բացառում, որ փետրվարի 6-ին ավարտվի»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։
Նրա խոսքով՝ դատական ակտով պետք է պատճառաբանություն տրվի, թե ինչի հիման վրա է որոշվել մեղավոր ճանաչել ՊԲ նախկին հրամանատարին։
«Դա տրվում է մյուս փուլն ավարտելուց հետո, պետք է սպասենք»,- ասաց Սարդարյանը։
Ջալալ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, կիսում է փաստաբանների դիրքորոշումը՝ անհամաձայնություն հայտնելով դատարանի կայացրած վերդիկտի հետ կապված:
Առաջիկայում դատարանի գործողությունների առնչությամբ փաստաբան Սարդարյանը մեկնաբանություն չտվեց։
«Թույլ տվեք զերծ մնալ դրանից»,- հավելեց ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանը։
Ըստ մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանը, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Մասնավորապես, ըստ քրեական գործի՝ Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնում է, թե մոտեցողները յուրայիններ են։
Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Նրա նկատմամբ 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով։