Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Առնվազն ծիծաղելի է, երբ պետական պաշտոնյան հայտարարում է, թե «ընդդիմադիր ուժերն» են հայկական արտադրողների համար Վայլդբերիզի և Օզոնի շրջանակում սահմանափակումներ մտցնելու իրողության թիկունքում: Այսինքն, ընդդիմադիր ուժերն են արել այնպես, որ կիրառվեն այդպիսի սահմաափակումներ:
Հակառակ պարագայում, եթե կառավարությունները աշխատում են արդյունավետ և պատասխանատու, աշխատում, են էֆեկտիվ և կոմպետենտ, որևէ ընդդիմություն չի կարող որևէ այլ երկրում խնդիր առաջացնել հայկական տնտեսությա համար: Եվ դա այդպես է գործնականում բոլոր երկրների պարագայում: Այսինքն, Գերմանիայի ընդդիմությունն օրինակ չի կարող Ինդոնեզիայում կամ Նահանգներում խնդիր ստեղծել գերմանական տնտեսվարողի համար, եթե երկիրն ունի կառավարություն՝ աշխատող կառավարություն: Այլ հարց է, որ հենց աշխատող կառավարությունն է իր վատ աշխատանքի և ոչ կոմպետենտության հետեւանքով ստեղծում, առաջացնում այդ խնդիրները իր տնտեսվարողի համար:
Եվ մյուսը. այդ «պատճառաբանության» նպատակը նաև մանիպուլյատիվ քարոզչական էֆեկտն է, որպեսզի զանազան տնտեսվարողները, արտադրողները այսպես ասած՝ անբարյացկամ տրամադրվեն ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Սա էլ փաստորեն նշանակում է, որ կառավարող ուժը ոտնահարում է նաև տնտեսվարողների, արտադրողների ողջախոհության կանխավարկածը»։