Ապրիլի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար, Լյութերական-Ավետարանական եկեղեցու վերապատվելի Վիլմոշ Ֆիշլի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետը վերջիններիս այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին այս դժվարին ժամանակներում։
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման խնդրին, գոհունակությամբ հաստատեց, որ շնորհիվ Հունգարիայի կառավարության և Մայր Աթոռի գործակցության 2021 թվականին հնարավոր եղավ ապահովել հինգ հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև հայ-հունգարական փոխգործակցությանը, Հայոց Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի ազգային-հոգևոր կյանքին։
Զրույցի ընթացքում վերապատվելի Վիլմոշ Ֆիշլը խոսեց հայ-հունգարական պատմական առնչակցությունների մասին, կարևորեց ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգ ունեցող երկու ժողովուրդների հարաբերությունների առավել զորացումն ու ամրապնդումը։