Երեկ հերթը Արարատի մարզինն էր։
Երկու օր առաջ արդեն ամբողջ կազմը «պատրաստ սպասում» էր՝Նիկոլ Փաշինյանը եկել էր հերթական քարոզարշավային զբոսանքի։ Ամեն ինչ դասական սցենարով՝ դրոշակներ, ծափեր, բեմական ելույթներ, «խաղաղություն», «կատարված հսկայական աշխատանքներ», ու Նիկոլ Փաշինյանը լուռ հետևում էր։
Առաջինը բոցաշունչ ելույթ ունեցավ Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը՝
«Արտաշատը տեր է խաղաղության, ամբողջ Արարատի մարզը տեր է խաղաղության…»
Էնքան գործ են արել, ասում է, որ օրը չի բավականացնի թվարկելու համար։
Հա, ճիշտ ա։ Օրը հաստատ չի բավականացնի։
Հատկապես եթե սկսեն թվարկել՝ քանի հոգի ձերբակալվեց քաղաքապետարանից, քանի կոռուպցիոն պատմություն անցավ մամուլով, ու քանի անգամ պարզվեց, որ «ոչ մեկը ոչինչ չի տեսել, չի լսել, տեղյակ չի եղել»։
Էդ մասով մեր պաշտոնյաները աշխարհի չեմպիոն են։
Իրենց ենթականերին տանում են, գործեր են հարուցվում, անուններ են շրջանառվում, բայց ղեկավարները միշտ մաքուր, ջրից չոր դուրս եկած։
Հաջորդ համարը՝ Վեդու քաղաքապետ, ժողովրդի կողմից վաղուց «Կոկորդիլոս» մականունը ստացած Գարիկ Սարգսյանը։
Սա էլ իր հերթին հայտարարեց՝
«Վեդին տեր է խաղաղությանը»։
Բայց մոռացավ նշել, որ ամենաշատը տեր է սեփական գրպանին։
Որ Վեդու գրեթե բոլոր խոշոր գնումներում, տենդերներում, մրցույթներում նույն ազգականների անուններն են պտտվում՝ քեռի, հոպար, բարեկամ, ընկեր։ Էլի նույն դեմքերը, էլի նույն միլիոնները, էլի նույն «պատահական հաղթողները»։
Ու սա դեռ քիչ էր։
Վեդու ԲԿ-ի պատմությունը առանձին թեմա է։
Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենը բուժհաստատության բյուջեից մոտ 140 միլիոն դրամ տանուլ էր տվել կազինոյում,մի խոսքով ՝խաղադրույքներ,թեմաներ ու պարտքեր։ Բայց ինչպես միշտ, վերջում բոլորը լուռ են, թեման էլ կամաց-կամաց փորձում են մարել։
Ու ամենահետաքրքիրը՝ քաղաքում բոլորը խոսում են, բոլորը գիտեն, բայց պաշտոնական մակարդակում շարունակում են ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել։
Հետո հերթը հասավ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին։
Սա առհասարակ յուրահատուկ կառավարիչ է։
Կարելի է ասել՝ «լուռ ռեժիմով» աշխատող մարզպետ։
Մի հինգ անգամ զանգել եմ, որ որևէ հարց քննարկենք։ Ամեն անգամ նույն պատասխանն է տալիս․
«Ես ձեզ կզանգեմ»։
Հիմա արդեն 15 օր է՝ զանգում է։
Երևի ճանապարհին է դեռ։
Մարզը կառավարում է լուռ, մարդկանց հետ չի շփվում, լրագրողների հետ չի խոսում, հարցերից խուսափում է։ Միայն ասում են՝ հրահանգներ տալիս է ուրիշների միջոցով, էնպես, որ մի գծով հասնի հասցեատերերին։
Բայց եթե մի օր վերջապես բարեհաճեր զանգին պատասխանել, մի հարց հաստատ կտայի․
Պարոն մարզպետ, ինչու՞ էին Վեդու դպրոցականներին դասի ժամին փողոց հանել՝ ձեռներին դրոշակներ, որ վարչապետ դիմավորեն։
Ինչու՞ էին ուսուցիչներին, պարի խմբակներին, մանկապարտեզներին, պետական հիմնարկներին «հանձնարարել» մասնակցել։
Ինչու՞ էին գյուղերից ավտոբուսներով մարդ հավաքում, որ «մասսա ապահովեն»։
Մի խոսքով՝
բեմի վրա խաղաղություն էին քարոզում, իսկ բեմի հետևում նույն հին մեթոդներն էին՝ վարչական ճնշում, կասկածելի պատմություններ, բարեկամական կապերով համակարգ ու ձևական ծափահարություններ։
Ու վերջում մի պարզ ճշմարտություն,
առանց վարչապետի անունի ու աջակցության՝ ձեզանից շատերը երբեք չէին հայտնվի այն պաշտոններում, որտեղ այսօր գտնվում են։ Ու դա բոլորդ շատ լավ գիտեք։ Հենց դրա համար էլ ամեն այցի ժամանակ այդքան ջանասիրաբար փորձում եք ցույց տալ հավատարմությունը, որովհետև հասկանում եք՝ ձեր քաղաքական կշիռը ոչ թե ձեր աշխատանքի, այլ մեկ մարդու վստահության վրա է կառուցված։
Mnews.am