23 Մայիսի, 2026

Կոտայքում ընտրություններից առաջ, եթե դրսից նայես, լրիվ իդեալական նկար ա,բոլորը նույն թիմից, նույն դրոշի տակ, նույն լոզունգներով, նույն «մենք միասնական ենք» դեմքով։ Նկարներում՝ ժպիտ, գրկախառնություն, «ջան թիմ», «ջան ժողովուրդ» մթնոլորտ։

Բայց ներսի մարդկանց հետ երկու րոպե խոսաս՝ կհասկանաս, որ էդ «միասնական թիմը» իրականում առանձին մոլորակների հավաքածու ա։ Ամեն մեկն իրա փոքր պետությունն ունի, իրա մարդիկ, իրա սեղանը, իրա շտաբը, իրա «ասող-լսողը»։ Մի խոսքով՝ ՔՊ-ն Կոտայքում հիմա ավելի շատ հիշացնում ա ընդհանուր բաժանարար գծի տակ հավաքված առանձին խմբավորումների, քան մեկ քաղաքական թիմ։

Մի անկյունում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի աշխարհն ա։ Էն նույն Սասուն Միքայելյանը, որ մի օր Եռաբլուրում հայտարարում էր՝ «ԵԿՄ-ն իմ գլխավորությամբ քաղաքականությամբ չի զբաղվում»… հետո պարզվեց՝ չի զբաղվում, ուղղակի վերահսկում ա, ուղղորդում ա, համակարգում ա, հետևում ա, ներսուդուրս ա անում։ Քաղաքականություն չէ, դե ուղղակի քաղաքականությունից մի քիչ ավելի ակտիվ բան ա ստացվում։

Իրա մոտ լրիվ ուրիշ մթնոլորտ ա։ Հին դպրոցի «մարդկանցով» հավաք, կոշտ հումոր, կեսը չհասկացվող մեսիջներ, ու էն տիպիկ խոսակցությունները, որ վերջում ոչ ոք չի հասկանում՝ լուրջ ասեց, սպառնաց, կատակում էր, թե արդեն հանձնարարություն տվեց։

Ասում են՝ երեկոյան մտնում ա Հրազդանի շտաբ, սեղանին արդեն դրված ա դասական «շտաբային կոմպլեկտը»՝ երշիկ, կանաչի, պանիր, հաց, կողքը՝ լիմոնադ, որովհետև քաղաքական մեծ պրոցեսները Կոտայքում առանց երշիկի չեն որոշվում։ Ու էդ սեղանի շուրջ սկսվում ա ավանդական քաղաքական փիլիսոփայությունը՝ կեսը հումոր, կեսը հայհոյանք, մնացած կեսը՝ «մերոնք հարցերը լուծելու են» ոճի խոսակցություններ։

Մյուս բևեռում լրիվ ուրիշ ժանր ա։ Ռոմանոս Պետրոսյանն ա՝ արդեն ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատարի դերի մեջ էնքան մտած, որ մարդ մտածում ա՝ մի երկու օրից հոսանքի սակագին էլ ա անձամբ որոշելու։ Իր մոտ ամեն ինչ ավելի «սիստեմնի» ա։ Մտնում ա շտաբ՝ դեմքին էն արտահայտությամբ, ոնց որ հիմա ստուգում ու հաշվետվություն պիտի անի։ Նայում ա՝ ով ինչ ա արել, ով քանի հոգի ա բերել, ով ինչքան ա ուշացել, ով ինչ ա փչացրել։

Էստեղ հումորը քիչ ա, «կարգուկանոնը»՝ շատ։ Ամեն ինչ չափած-ձևած, վերահսկված, սառը։ Մարդիկ էլ ներս մտնելուց առաջ երևի հոգով «զեկույց» են գրում։

Ու էս ամբողջի մեջ մարզպետ Ահարոն Սահակյանն էլ իրա ուղղությամբ ա վազում։ Մարզում չկա գյուղ, չկա բակ, չկա խաչմերուկ, որտեղ ՔՊ գլխարկով, բուկլետով, նկարով կամ ռիլով չհայտնվի։ Տպավորություն ա, որ մարդը մտածում ա՝ եթե օրը երեք ռիլ չնկարեց, ընտրությունը կարող ա չկայանա։

Ամբողջ մարզով PR-ային շարժ ա՝հանդիպում, սելֆի, հրապարակում, ժպիտ, նորից հրապարակում։ Էնքան բուկլետ ա բաժանվել, որ արդեն մարդիկ կատակում են՝ «ով բուկլետ վերցրեց, ավտոմատ ՔՊ-ի ընտրող ա՞ համարվում»։ Մնում ա հաջորդ փուլում բուկլետի հետ SIM քարտ էլ տան՝ «ակտիվացրու ու ստացիր ձայնի բոնուս»։

Տեղերում արդեն առանձին փոքր իշխանություններ են դիզվում։ Սևակ Միքայելյանը՝ հենց Հրազդանի քաղաքապետը, հորից ժառանգած նույն ձեռագրով է շարժվում,Միքայելյանների մոտ վերցնելը միշտ լավ է ստացվել, տալը՝ երբեք։ 20 -25 տարեկան տղերքին հավաքում, ուղարկում են գյուղերով՝ մարդկանց համոզելու, բուկլետ բաժանելու, «ակտիվություն» անելու, բայց բենզինն ու գազը այնպիսի հաշվով են տալիս, կարծես ամեն լիտրը սեփական գրպանից հանեն։ Իսկ Սասունը դիզած հարստությամբ ու մեքենաներով մարզում ֆռում է՝ ցույց տալով, թե ով է այստեղ «տերը»։ Նոր սերունդ չեն,նույն հին համակարգի ավելի ցուցադրական ու ավելի ագահ տարբերակն են։

Ու հիմա Կոտայքի ամենահետաքրքիր ինտրիգը սա ա,եթե վերջում ՔՊ-ն մարզում հաղթի, էդ հաղթանակի «հայրությունը» ո՞վ ա վերցնելու իր վրա։

Որովհետև էս ամբողջ ընթացքում ամեն մեկն առանձին շտաբով, առանձին մարդկանցով, առանձին ֆինանսով, առանձին նեղացածություններով ու առանձին ինտրիգներով ա շարժվում։ Բայց ընտրության գիշերը հաստատ բոլորը հերթով փորձելու են առաջինը մտնել կադրի մեջ ու ասել՝

— «Էս հաղթանակը մեր աշխատանքի արդյունքն էր»։

Ու հենց էդ պահին Կոտայքի ՔՊ-ի իրական պատերազմը նոր ա սկսվելու։ Որովհետև ընտրությունը ժողովրդի հետ ա լինելու, բայց հաղթանակի «պրիզի» բաժանումը՝ արդեն իրար մեջ։

Քրիստինե Ավագյան

Լրահոս