18 Մարտի, 2026

Արմավիրի մարզում ՔՊ-ի համար իրավիճակը գնալով ավելի տարօրինակ է դառնում։ Մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ով նախկինում ՀՀԿ-ական է եղել, կարծես շարունակում է նույն «հին ոճով»՝ շատ խոսք, քիչ գործ։

Մարզում պետք է գործեին շտաբներ, գրասենյակներ, թիմային աշխատանք, բայց իրականությունը լրիվ այլ է։ Տարբեր քաղաքներից ու համայնքներից տեղեկացնում են՝ ՔՊ-ի շտաբներ պարզապես չկան։ Ամեն անգամ նոր պատճառաբանություն, բայց վերջում նույն պատկերը՝ ոչ մի բացված գրասենյակ։

Ավելին՝ արդեն հենց համայնքների ղեկավարներն են բարձրաձայնում, որ մարդիկ նույնիսկ չեն ներգրավվում, չեն հավաքագրվում, «մարդ գտնել էլ չի ստացվում»։ Փաստորեն,ոչ միայն շտաբ չկա, այլև ցանկացող էլ չկա ներս մտնելու։

Համայնքներում դժգոհությունը մեծանում է։ Համայնքի ղեկավարները ասում են՝ այսօր ոչինչ չեք անում, բայց վաղը գալու եք ու պահանջելու եք արդյունք։ Իսկ ինչի՞ հաշվին, եթե այսօր նույնիսկ թիմ չեք կարողանում ձևավորել։

Մինչդեռ վերևներում վստահ հայտարարություններ են հնչում՝ «հանգիստ եղեք, Վաղարշապատում հաղթեցինք, նույնը կլինի նաև խորհրդարանական ընտրություններում»։ Բայց հարց է առաջանում՝ ո՞նց։ ՀՀԿ-ի հին մեթոդներով էլ չեք կարող աշխատել, իսկ նոր ձև էլ, կարծես, չկա։ Թե՞ մոռացել եք, թե ինչպես էին ժամանակին կոնկրետ գնում ու ձայներ «հավաքում»՝ Նորապատ գյուղապետ եղած տարիներից։

Ստացվում է մի պարզ պատկեր՝ ֆեյսբուքում ակտիվություն կա, մարզում՝ անտարբերություն, իսկ իրական աշխատանքը՝ զրո։

Իսկ վերջում ամենահետաքրքիրը` մարզում խոսում են, որ մինչ շտաբները չեն բացվում, մարզպետի բիզնեսները «վայրկյան վայրկյան» աճում են։ Հիմա մարդ չգիտի՝ դուք էդ գյուղմթերք արտահանող ընկերությունների ղեկավարն եք, թե մարզպետը։ Թե՞ երկուսն էլ՝ կես օր էստեղ, կես օր էնտեղ:

Հա, ճիշտ է, կասեք՝ ընտանեկան բիզնես է, դուք կապ չունեք… բայց դե ժողովուրդը մի քիչ դժվար է հավատում, երբ բիզնեսը աճում է, իսկ մարզը՝ տեղում կանգնած է։

Վերջում մնում է նույն հարցը՝ պարոն մարզպետ, դուք իրականում ո՞րն եք ղեկավարում՝ մարզը, թե բիզնեսը… որովհետև երկուսը միասին, ինչպես երևում է, մի քիչ դժվար է ստացվում:

Լրահոս