«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է:
-2020 թ. պատերազմի պարտությունից եւ 2023 թ. Արցախի հանձնումից հետո տարատեսակ կարծիքներ ենք լսում հայկական բանակի մասին: Ինչպիսի՞ն էր բանակն առաջ եւ ինչպիսի՞ն է հիմա: Իսկապե՞ս հայկական բանակն այսօր այն աստիճան թույլ է, որ պատրաստ է հանդուրժել թշնամի պետությունների ղեկավարների հոխորտանքներն ու սպառնալիքները:
— Բանակի օրվա առթիվ իր ուղերձում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց իրավիճակը՝ ասելով, որ սրանք բարեփոխումների անվան տակ կազմալուծում ու թուլացնում են մեր բանակը: Ինչ վերաբերում է բանակի ուժեղ եւ թույլ լինելուն, ապա կմեջբերեմ 20-րդ դարի մեծ մտածող, ռազմական գործիչ եւ փիլիսոփա Գարեգին Նժդեհի խոսքերը. «Միեւնույն ժողովուրդն ու բանակը կարող են ե՛ւ հրաշագործություններ կատարել, ե՛ւ ծնկի գալ թշնամու առաջ»: Սա է ողջ իրականությունը: Նույնն է բանակը, նույնն է ժողովուրդը, փոխվել է ղեկավարությունը, նախկին հաղթանակած, արժանապատիվ ղեկավարների ժամանակ մեր բանակը հաղթանակած էր, այսօր կապիտուլյանտի շնորհիվ բանակը պարտված է:
— Իշխանությունները պնդում են, որ Հայաստանի իշխանությունը վերջին 20-30 տարին` հաղթանակից հետո, թալանով է զբաղվել, ոչնչացրել է բանակը, իսկ թշնամի Ադրբեջանը տարեցտարի հզորացել է, ուժեղացրել ու զինել ժամանակին իր տկար բանակը:
— Թալանով զբաղվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի ռեժիմը` 5 միլիարդի զենք նվիրելով Իլհամ Ալիեւին: 2020 թվականին բոլորս տեսանք Բաքվի պառադի ժամանակ, նույնիսկ Ալիեւն էր զարմացել, թե նման փոքրաքանակ պետությունն այդքան փոքր բյուջե եւ այդքան զենք ունի: Մետաղի զարդոններից են խոսում, բայց Նիկոլ Փաշինյանը բերել է զարդոններ ՍՈՒ ինքնաթիռների տեսքով: Բերեցին մետաղյա զարդոնների հետ սելֆի արեցին, բայց այդպես էլ ոչ մի հրթիռ չկրակեցին թշնամու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը զարդոններով է լցրել բանակը, բայց իր ասած «ջարդոններով» մենք 2016 թվականին Ադրբեջանի ջարդը տվել ենք:
— Մի կողմից՝ Ադրբեջանն է սպառնում եւ պահանջներ ներկայացնում Հայաստանից, մյուս կողմից` Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը բաց տեքստով դնում է կասկածի տակ:
— Ադրբեջանը, Թուրքիան եւ Նիկոլ Փաշինյանը գործում են սինխրոն: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հրահանգված են Անկարայից եւ Բաքվից: Այն խոսույթը, որը բերել է Նիկոլ Փաշինյանը, Բաքվի եւ Անկարայի պաշտոնական խոսույթն է: Այսօր նա իրականացնում է Բոլթոնի` պատմական կաղապարներից հրաժարվելու ծրագիրը: Ոչ մի զարմանալի բան չկա: Արդեն յոթ տարի է՝ այդ մասին ենք խոսում: Երբ ցանվում էր սերմը, ասում էին, որ այն հակահայկական է, չէր կարող այդ սերմի պտուղը լիներ հայկական եւ հայամետ: Հասկանում եմ, որ շատերը միայն պտուղները տեսնելով են գլխի ընկնում, թե խոսքն ինչի մասին է, բայց մենք այս ամենի սերմերի մասին խոսել ենք դեռ 2018 թվականի մայիսին, պատերազմից առաջ, պատերազմից հետո, անդադար ասել ենք: Չի կարող Նիկոլի սերմը տալ ազգային գործողության պտուղներ: Ապազգային, թրքամետ սերմեր են ցանվել Հայաստանում 2018 թվականին:
Մենք երբեք չենք մտել Թուրքիայի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ: Պետություններն են հաղթում եւ պարտվում, ոչ թե միայն բանակը: Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով կանխորոշել էր Հայաստանի պարտությունը: Նա կանաչ լույս վառեց Բաքվի համար, մնաց առանց դաշնակիցների, եւ ամենակարեւորը` պատերազմի շրջանում ամեն բան արեց պարտության համար: Պատերազմից առաջ հանդես էր գալիս հակադիվանագիտական հայտարարություններով: Այս մարդն ի՞նչ կապ ունի բանակի հետ: Բանակից չի կարող խոսել մի մարդ, որի իշխանության օրոք ՀՀ տարածքի 240 քառակուսի կիլոմետրն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Հրանտ Բագրատյանը խոսում է 1200 քառակուսի կիլոմետրի մասին նույնիսկ: Այնպես որ, անիմաստ խոսելով չէ: Արդյունքներն են կարեւոր: Նիկոլ Փաշինյանը պարտված, ծնկած գործիչ է: Բանակի մեջքը կարող է ուղղվել միայն այն ժամանակ, երբ թուրքի առաջ ծնկած, պարտված ու պարտությունը փառաբանող Փաշինյանն ու նրա թիմը հեռանան: Նա կոլաբորացիոնիստական գործիչ է: Նա թուրքական կոլաբորացիայի ներկայացուցիչ է ու պարագլուխ: Այս մարդը համագործակցում է մեր թշնամիների հետ: Նա հրաժարվելով Արարատից, Արեւմտյան Հայաստանից, Արցախից, կոլաբորացիայի հետ է մտել թուրքերի հետ: Մենք անկապ ձվածեղ, սելֆիներից չենք խոսում, խոսում ենք հստակ փաստերով: Նիկոլը Սերժ Սարգսյանից ժառանգել է տարածաշրջանի ամենաուժեղ բանակը, այդ մասին ես չեմ ասում, ասել է ինքը` տավուշյան մարտերի ժամանակ: Եթե բանակը թալանված էր ու ջարդոններով լցված, ինչպե՞ս էր հայտարարում, որ այն ամենահզորն է՝ միտված տարածաշրջանում խնդիրներ լուծելու: Թող կողմնորոշվի` ինչպե՞ս կարող է 2020 թվականի հուլիսին նույն բանակը մարտունակ լինել, սեպտեմբերին` անմարտունակ: Սա խճճվել է իր ստերի մեջ: Եվ, որ ամենակարեւորն է, այս մարդու ժամանակ են օկուպացվել Հայաստանը, հանձնվել Արցախը: Մեր բանակը ոչ միայն Հայաստանը պաշտպանելու համար է ստեղծվել, այլեւ` Արցախը: Նույն Նիկոլը բանակում շատերին հերոսացրել է, հերոսի կոչումներ տվել, հետո՝ մի քանի տարի անց, դատել, ինչպես Տիրան Խաչատրյանի դեպքում եղավ: Շիզոֆրենիկ է այս մարդը, չի կարող նույն մարդը հերոսի կոչում ստանալ նույն իշխանության կողմից, հետո պարզվի, որ այդ մարդը պատերազմի ժամանակ թերի գործողություն է կատարել: Դատարաններն էլ Նիկոլի հրահանգով կրկնում են նույն հիմարությունը: Աշխարհի ո՞ր երկրում կարող էիք տեսնել, որ երկրի պաշտպանության նախարարն ասի` ուժով հետ չենք բերելու մեր հողերը: Բա էլ ինչի՞ համար եք բանակ պահում: Բանակի գործը ռազմական ուժով սահմաններ պաշտպանելն է: Զզվացրին իրենց թալանով, իրենցից մեծ թալանչի, բանակի հերը անիծած մարդ չկա: Ինձ զարմացնում են սպարապետ Վազգենի կողքով քայլած մարդիկ, ովքեր այսօր սրա կողքով են ֆռֆռում: Ի վերջո, Նիկոլը նույն Նիկոլն է, ով իրեն չի դավաճանում, հիշեք՝ ինչեր էր գրում իր թերթում բանակի ու Վազգենի մասին, հիմա գնացել է Եռաբլուր` բանակ, հա բանակ: Դու ի՞նչ կապ ունես բանակի հետ: Բանակ չենք ստեղծել սրանց համար, որ ցեղասպանությունը կասկածի տակ դնեն: Նույնն է, թե Պուտինը կասկածի տակ դնի Հիտլերի կողմից ԽՍՀՄ-ի վրա հարձակումը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում