1 Ապրիլի, 2026
«Հայկական ժամանակ»-ում արդեն հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց՝ «Մեր ձևով» շարժման շուրջ համախմբվում են նախկին իշխանությունների տասնյակ ներկայացուցիչներ, պարզապես հերթական լուրը չեն,սա քաղաքական համակարգի ներսում ձևավորվող վտանգավոր վերադասավորման բացահայտում է։ Այն, ինչ երկար ժամանակ փորձ էր ներկայացվում որպես «նոր ուժ», այսօր արդեն մերկանում է որպես հին համակարգի վերակազմավորում՝ նոր փաթեթավորմամբ, բայց նույն բովանդակությամբ։

Հատկանշական է, որ Նարեկ Կարապետյանը և նրա թիմակիցները շարունակում են համառորեն պնդել, թե կապ չունեն նախկինների հետ։ Սակայն սա արդեն ոչ թե անհամոզիչ, այլ բացահայտ անհամատեղելի պնդում է իրականության հետ։ Երբ քաղաքական և ընտանեկան հենքում կանգնած է Կարեն Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի իշխանական տարիների համակարգի առանցքային դեմքերից մեկը, «անջատման» մասին խոսելը վերածվում է հանրային ընկալման նկատմամբ անարգանքի։

Ավելին՝ հրապարակված անունները ոչ թե առանձին համակիրների ցուցակ են, այլ հստակ համակարգված ցանցի քարտեզ։ Գագիկ Բեգլարյանի նման գործիչների ակտիվ ներգրավվածությունը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե քաղաքական նախաձեռնության, այլ ռեսուրսների, կապերի և ազդեցության կենտրոնացված վերադարձի հետ։ Սա նույն շրջանակն է, որը տարիներ շարունակ կառուցել է փակ, կոռուպցիոն և վերահսկվող համակարգ, և այժմ փորձում է վերադառնալ՝ պարզապես փոխելով պիտակը։

Այստեղ հարցը վաղուց դուրս է եկել քաղաքական մրցակցության շրջանակից և դարձել է արժեքային դիմակայություն։ Երբ նույն դերակատարները, նույն մեթոդներով և նույն շահերով, փորձում են ներկայանալ որպես «այլընտրանք», դա ոչ թե փոփոխություն է, այլ գիտակցված փորձ՝ խեղաթյուրելու հանրային հիշողությունը։ «Նոր» բառը այս դեպքում ոչ թե բովանդակություն ունի, այլ քող՝ հնի վերադարձը քողարկելու համար։

Կարապետյանների թիմի վարքագիծը այս համատեքստում դառնում է առավել խոսուն,հրապարակային հերքումներ և փակ դռների հետևում ակտիվ համագործակցություն։ Սա քաղաքականություն չէ, սա հաշվարկված երկակի խաղ է՝ միաժամանակ օգտագործելու թե՛ դժգոհ ընտրազանգվածի էներգիան, թե՛ հին համակարգի ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսները։ Սակայն նման կառուցվածքները, որպես կանոն, երկար չեն դիմանում՝ բացահայտվելով իրենց իսկ հակասությունների տակ։

Ավելին՝ նման վերախմբավորումները վտանգ են ներկայացնում ոչ միայն քաղաքական դաշտի, այլ նաև պետականության համար։ Երբ նույն ուժերը, որոնք տարիներ շարունակ թուլացրել են ինստիտուտները և խաթարել վստահությունը, փորձում են վերադառնալ նոր դիմակով, դա նշանակում է մեկ բան՝ բարեփոխումների ընթացքը կանգնեցնելու և ժամանակը հետ շրջելու փորձ։

Ի վերջո, հարցը մնում է սուր և անխուսափելի,արդյոք հասարակությունը պատրաստ է կրկին վստահել այն ուժերին, որոնց անցյալը դեռ ծանր պատասխանատվության բեռ է կրում։ Կարապետյանների շուրջ ձևավորվող այս «նոր» բևեռը ոչ թե ապագայի նախագիծ է, այլ անցյալի ռեստավրացիայի փորձ՝ ավելի ագրեսիվ և ավելի կազմակերպված ձևով։

Եվ որքան էլ փորձ արվի այն ներկայացնել որպես ինքնուրույն շարժում, փաստերը այլ բան են ասում,սա հին համակարգի վերադարձ է՝ նույն դեմքերով, նույն մեթոդներով և նույն նպատակներով։

Սա «նոր Հայաստան» չէ,սա նույն հին համակարգն է՝ պարզապես առանց ամաչելու վերադարձի փորձով։

Քրիստինե Ավագյան

 

Լրահոս