9 Հոկտեմբերի, 2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Փարիզում կայացած՝ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գնահատող թիմի և ՀՀ պատվիրակության միջև բանակցություններին, այնուհետև՝ հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի լիագումար նիստին։

Այցի նպատակներն էին «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գնահատման զեկույցի նախագծի վերաբերյալ բանակցությունները և զեկույցի նախագծի ընդունումը։ Գնահատումը ներառում է 9 կատարողական ոլորտներ, որոնք վերաբերում են ոչ միայն ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, անկախ և ինքնավար մարմինների, իրավապահ մարմինների գործունեության ոլորտները, այլև՝ մասնավոր ոլորտի իրավաբանական անձանց, պետական մասնակցությամբ կազմակերպությունների գործունեությունը:

ՀՀ պատվիրակությանը լրացուցիչ քննարկումների և բանակցությունների արդյունքում հաջողվել է բարձրացնել դատական իշխանության անկախությանն առնչվող կատարողական դաշտի գնահատականները, շտկել զեկույցի նախագծում առկա ձևակերպումները՝ ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումներն առավել ճշգրտորեն ներկայացնելու համար։

Գնահատման արդյուքներով ամենաբարձր միավորներ են տրվել հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգի իրականացմանը, դատական համակարգի անկախությանը, բարեվարքությանը՝ գնման համակարգում:

Հիշեցնենք, որ գնահատումը մեկնարկել էր 2022 թվականի դեկտեմբերին, իսկ գնահատման շրջանակում ՏՀԶԿ գնահատող թիմի այցը տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 18-21-ը, որի շրջանակներում կայացել են հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ապրիլյան քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների, ՀԿ-ների, գործարար ոլորտի ներկայացուցիչների և դոնոր միջազգային կազմակերպությունների հետ:

Գնահատումը տևելու է մինչև 2026 թվականը, որի ընթացքում ՀՀ-ն ներկայացնելու է հանձնարարականների կատարման հաշվետվություններ, իսկ ՏՀԶԿ-ն գնահատելու է կատարված բարեփոխումների համապատասխանությունը տրված հանձնարարականներին։

ՏՀԶԿ գնահատումն ամենաընդգրկունն է միջազգային գնահատումների շարքում և չափազանց կարևորվում է միջազգային կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների կողմից Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրը գնահատելիս, ինչպես նաև դրված է պետությունների ռենյտինգավորող միջազգային գնահատումների հիմքում:

Նշենք, որ ՀՀ պատվիրակության կազմում ներկայացված էր Բարձրագույն դատական խորհուրդը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, մասնակցում էին ԲԴԽ անդամներ, ներկայացուցչներ Արդարադատության և ֆինանսների նախարարությունից, Գլխավոր դատախազությունից, Հակակոռուպցիոն կոմիտեից, Կենտրոնական բանկից։

 

kotayk

Լրահոս