«Մենք պետք է հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շարժումը շարունակու՞մ ենք, թե ոչ: Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել: Ժողովուրդը ընտրություններով պետք է ասի՝ շարունակելու ենք Ղարաբաղի շարժումը, թե ոչ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի»,- երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, այս հայտարարությունը կառուցված է կեղծ երկընտրանքի վրա։ Փաշինյանը հասարակությանը փորձում է պարտադրել պարզունակ բանաձև՝ կամ իր իշխանությունը, կամ պատերազմ։ Սակայն այս ձևակերպումը որևէ կապ չունի Հայաստանի իրական քաղաքական օրակարգի հետ։
Այս կեղծ հակադրությունը հասարակության ուշադրությունը շեղում է ամենակարևոր հարցից՝ ով հասցրեց Հայաստանը այս կետին։ Փաշինյանի կառավարման տարիներին Արցախը կործանվեց, խարխլվեց Հայաստանի անվտանգության և բանակցային համակարգը, իսկ պետությունը հայտնվեց շարունակական զիջումների տրամաբանության մեջ։ Այս պայմաններում նույն իշխանությունը փորձում է ներկայանալ որպես պատերազմի կանխման միակ երաշխավոր։
Այսպիսի խոսույթը վտանգավոր է նաև արտաքին քաղաքական առումով։ Փաշինյանի ձևակերպումները ուժեղացնում են Ադրբեջանի այն նարատիվը, թե Հայաստանում կան «ռևանշիստական ուժեր»։ Արդյունքում ցանկացած ներքաղաքական փոփոխություն կամ լարվածություն կարող է ներկայացվել որպես պատերազմի նախապատրաստություն Հայաստանի կողմից։
Այսխիսով, Փաշինյանը փորձում է հասարակությանը պարտադրել կեղծ բանաձև՝ իր իշխանությունը ներկայացնելով որպես խաղաղության միակ երաշխիք, իսկ ցանկացած այլ քաղաքական ընտրություն՝ որպես պատերազմի վտանգ։ «Պատերազմ կամ խաղաղություն» կեղծ երկընտրանքը վերածվում է հասարակությանը վախեցնելու և իշխանության վերարտադրությունը արդարացնելու գործիքի»,-գրում է Սուրենյանցը։