168.am-ը գրել է.
Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խիստ անհաջող և նույնիսկ անպարկեշտ, պաշտոնական էթիկետին չհամապատասխանող կադրեր է տարածել։
Սա արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել իշխանական շրջանակներում և թելեգրամյան ալիքներում։
Տարածվող երկու լուսանկարներից մեկում, որոնք ֆիքսել է գործակալության լուսանկարիչ Կրիստինա Կորմիլիցինան, որը ՌԴ նախագահի լուսանկարիչներից է, Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է այնպիսի տեսանկյունից ասես խոնարհված է Ադրբեջանի դրոշի առջև, իսկ մյուս լուսանկարում Ալիևի հայացքի ներքո Փաշինյանը կրկին ադրբեջանական դրոշի առջև ուղղում է տաբատը:
Իշխանական «Բաղրամյան 26» թելեգրամյան ալիքը տարածել է այս լուսանկարները՝ գրառմամբ հաշիվ պահանջելով ռուսական պետական լրատվամիջոցի խմբագրից` միտումնավոր նման անհարմար ռակուրսից արված լուսանկարներ տարածելու համար։
«Կրեմլի լրագրողները և մամուլի քարտուղար Պեսկովը պարտավոր են բացատրել, թե ինչու են դիտավորյալ լուսանկարները հրապարակվել երկու չափազանց անպարկեշտ տեսանկյուններից։ Ինչո՞վ են առաջնորդվել նրանք այս կադրերը ստեղծելիս կամ հրապարակելիս»,- ասված է գրառման մեջ։