13 Հոկտեմբերի, 2023

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, երկիրը կարող է բանակցություններն ընդունել Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։

«Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է [Երևանի և Բաքվի միջև]՝ վերջնականապես վերջ դնելու այս երկարամյա հակամարտությանը։ Ռուսական կողմը, իհարկե, պատրաստ է մեր գործընկերներին ցուցաբերել հնարավոր օգնությունն այդ հարցում»,- ասել է ռուսական պետության ղեկավարը:

«Մասնավորապես, մենք համաձայն ենք Մոսկվայում բանակցությունների կազմակերպմանը, անհրաժեշտության դեպքում, ցանկացած ձևաչափով»,- պարզաբանել է Պուտինը։

Նրա խոսքով, խոսքը նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և փորձագետների միջև բանակցությունների մասին է։

«Իհարկե, մենք կօգնենք, որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

«Կրկնում եմ՝ ընտրությունը միշտ պատկանում է համապատասխան երկրին, մենք պատրաստ ենք անհրաժեշտ պայմաններ ստեղծել այդ աշխատանքի համար»,- հավելել է նա։

Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին երեք տարվա ընթացքում ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը կանխելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

«Այս ամբողջ ընթացքում եռակողմ` Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափում տարվել է քրտնաջան աշխատանք՝ ուղղված երկու մայրաքաղաքների՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է ՌԴ նախագահը։

«Բացի այդ, իրենց առաքելությունը բարեխղճորեն իրականացրել են նաև ռուս խաղաղապահներն իրենց լիազորությունների շրջանակներում»,- ասել է Պուտինը։

kotayk

Լրահոս