Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը:
Մինչ օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ նիստն անցնում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա նախօրեին: Վարչապետի խոսքով, դա կարևոր առիթ է՝ վերադառնալու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի օրակարգին, չնայած՝ Կառավարության համար այն կարևոր առաջնահերթություն է: Երկրի ղեկավարը նշել է, որ կան բազմաթիվ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս ցանկալի առաջընթաց արձանագրել: «Պատճառներից մեկն այն է, որ ենթակառուցվածքները, որոնք ձևավորված են Հայաստանում տասնյակ տարիներ, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման տրամաբանությամբ չեն նախագծվել: Եվ եթե ուղիղ ասենք, որևէ բան անելու համար անխուսափելիորեն ժամանակ է պետք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը խոսել է երկրի տնտեսական զարգացման գործում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներուժի լիարժեք ներգրավման կարևորության մասին, որը նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների բարեկեցության ապահովման հարցում հենց իրենց ներգրավվածության խնդիրն է լուծում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս հարցը պետք է հասցեագրել կրթության ոլորտից, քանի որ ներառական կրթության խորքային և ռազմավարական նպատակներից մեկը նաև սա է:
Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ազգային հանձնաժողովն այն հարթակն է, որը պետք է ապահովի հարցերի ձևակերպումների ամբողջականությունը, ինչպես նաև ընդգծել, որ հետևողականությունն ու շարունակականությունն են ամենահուսալի ու արդյունավետ գործիքները խնդիրների լուծման համար:
Օրակարգի շրջանակում ներկայացվել են 2023-2024 թվականների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ձեռքբերումները, մարտահրավերները և ոլորտային նախաձեռնությունները սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ֆինանսական և բանկային ծառայությունների ոլորտներում:
Վերոնշյալ ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:
Ծավալվել է քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների ապահովման, ինչպես նաև հավասար հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի շուրջ: Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները վերոնշյալ թեմաների շուրջ:
Կարևորելով փոքր խնդիրներ լուծելով առաջ շարժվելու, ինչպես նաև իրագործելի պլան ունենալու անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել ոլորտում առկա խնդիրների գույքագրմամբ և առաջնահերթություն տալ կարճաժամկետում իրատեսական լուծման ենթակա խնդիրներին: