6 Ապրիլի, 2026

Հայաստանի քաղաքական դաշտում երբեմն հայտնվում են «նոր» ձևակերպումներ, «նոր» թիմեր, «նոր» կարգախոսներ, բայց եթե մի փոքր խորանանք՝ պարզ է դառնում, որ այդ նորության տակ հաճախ թաքնված է հին, շատ լավ ծանոթ համակարգը։ «Ուժեղ Հայաստան» անվան շուրջ ձևավորվող շրջանակը հենց այդպիսի օրինակ է, որտեղ արտաքին փաթեթավորումը փորձում է ստեղծել փոփոխության տպավորություն, մինչդեռ ներսում գործում են տարիներով ձևավորված նույն կապերն ու հարաբերությունները։

Էն որ ասում են՝ «ձրի պանիրը միայն թակարդում է լինում», էստեղ լրիվ էդ պատմությունն ա։ Ինչ-որ բան էն չի, ինչքան էլ փորձես լավ կողմից նայել։ Կողքից ավելի շատ նման ա մի խումբ նեղացածների, «աբիժնիկների», որոնք իրենց տեղը չեն գտել ու հիմա հավաքվել են «Ուժեղ Հայաստանի» անվան տակ՝ իբր ընդդիմություն ձևանալու։

Ու էդ «Ուժեղ Հայաստան»-ում նայես՝ ում ասես կտեսնես՝նախկին օլիգարխներ, տարբեր ժամանակներում իշխանության մեջ եղած մարդիկ, հիմա էլ եկել են իբր նոր բան են կառուցում։ Մեկը գազպրոմյան քարոզ ա անում, մյուսը՝ հին կապերով ա խաղում։ Էլ ինչ նորություն, էլ ինչ փոփոխություն։

Ու հիմա արդեն հասել ենք մի կետի, որ ոչ միայն տարբեր նախկին պաշտոնյաներ, այլ նաև խոշոր բիզնեսի ամենահայտնի դեմքերից են սկսում «միանալ» այս նախագծին։ Երբ Սամվել Ալեքսանյանի նման գործարարի անունը կապվում է այս շրջանակի հետ, արդեն դժվար է դա ներկայացնել որպես շարքային քաղաքական գործընթաց։ Ավելի շուտ սա ցույց է տալիս, որ հին տնտեսական էլիտան փորձում է նոր ձևաչափով վերադասավորվել։

Սամվել Կարապետյանի շուրջ հավաքվող այս միջավայրը շատերի ընկալմամբ կառուցված է ոչ թե գաղափարական հենքի վրա, այլ անձնական կապերի, «տղայական» հարաբերությունների, տարիներով ձևավորված փոխադարձ պարտավորությունների վրա։ Այստեղ հայտարարությունները հաճախ պարզապես ձևականություն են, իսկ իրական որոշումները կայացվում են փակ շրջանակներում։

Հատկանշական է, որ այս դաշտում հայտնվում են նաև այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Գագիկ Բեգլարյան (հանրությանը հայտնի «Չոռնի Գագո» մականունով), ինչպես նաև նախկին պաշտոնյաներ՝ Տարոն Մարգարյան։ Նույն դեմքերը, նույն կապերը, նույն մտածելակերպը՝ պարզապես նոր անվան տակ։

Այս համախմբումը դժվար է ընկալել որպես գաղափարական պայքար կամ հասարակական պահանջի արտահայտում։ Ավելի շատ այն նման է ռեսուրսների, կապերի և ազդեցության վերախմբավորման գործընթացի։ Երբ տարբեր ժամանակներում տարբեր ճամբարներում գտնվող մարդիկ հանկարծ հայտնվում են նույն հարթակում, դա արդեն խոսում է ոչ թե սկզբունքների, այլ շահերի մասին։

Արդյունքում ստացվում է մի պատկեր, որտեղ «Ուժեղ Հայաստան»-ը շատերի համար դառնում է ոչ թե ապագայի նախագիծ, այլ անցյալի շարունակություն։ Եվ որքան էլ փորձ արվի դա ներկայացնել որպես նոր սկիզբ, հանրության զգալի հատվածը դա ընկալում է որպես փորձ՝ ոչ թե փոխելու համակարգը, այլ պահպանելու տարիներով կուտակված ազդեցությունն ու ունեցվածքը։

Քրիստինե Ավագյան

Լրահոս