4 Դեկտեմբերի, 2024

Ընկալում կար, որ պետք էր գնալ, բռնել, ոլորել, ջարդել․ Նիկոլ Փաշինյան
«Հակակոռուպցիոն պայքարի տեմպերից մենք դժգոհ ենք, իսկ քաղաքացիներն ակնկալիքներ ունեն մեզնից և ձեզնից՝ որպես քաղաքական թիմի առաջնորդ, ի՞նչ լուծումներ եք տեսնում»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ես չեմ համարում, որ մենք բավարար արդյունավետությամբ ենք պայքարում կոռուպցիայի դեմ: Ինչ-որ առումով էլի ինձ մեղավոր եմ զգում, բայց չեմ պատկերացնում, թե ինչը ոնց պետք է անեի, որ էսպես չստացվեր։ Ժողովրդական ընկալում կար, որ պետք էր գնալ, բռնել, ոլորել, ջարդել։ Սա կարող է լինել էմոցիոնալ ընկալում, բայց ոչ պետական։ Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Արեն Մկրտչյանը նկատեց, որ 2018թ․-ին հարցի լուծման՝ «բռնել», «ոլորել» տարբերակին շատերն էին վախեցած սպասում, ովքեր հետո չհասկացան, թե ինչո՞ւ իրենց հետևից չեն գնում․ «Հիմա այն վիճակի է հասել, որ երբեմն այս դահլիճում հանդգնում են հեգնել մեզ, թե ո՞ւր են մեր 50-50-ները։ Համակարծիք եմ, որ ինստիտուցիոնալ լուծումներ են պետք և ապօրինի ծագման գույքի բռնագանձման ինստիտուտն իր պտուղները վստահաբար կտա»,- ասաց Մկրտչյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքեց, որ 2018 թվականին ասել են, թե վենդետաներ չեն լինելու և շատերի հետևից այդ պատճառով է, որ չեն գնացել։

 

Լրահոս