11 Նոյեմբերի, 2021

Mnews.am -ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Դեկտեմբերի 5-ին արդեն խոշորացված Արտաշատ համայնքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմնի՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ։ Նշենք, որ ձևավորվելու է Արտաշատ խոշորացված համայնքը. Արտաշատ քաղաքին միանալու են 38 գյուղական համայնքներ՝ Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Կաքավաբերդ, Հնաբերդ, Հովտաշեն, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Քաղցրաշեն գյուղական համայնքները։

-Պարո՛ն Մկրտչյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը Արտաշատում դուք եք գլխավորում, ինչու՞ կուսակցությունը կանգ առավ Ձեր թեկնածության վրա։

-Քաղաքական որոշում է եղել, առաջարկել են իմ թեկնածությունը, սիրով համաձայնել եմ։ 2018 թվականից Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարն եմ, կուսակցաշինության մեջ ունեցել եմ իմ մեծ ներդրումը, եղել եմ Արարատի  մարզպետի խորհրադական, հետո զբաղեցրել եմ Արտաշատ ՋՕԸ -ի գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ հոկտեմբերի 7-ից վարչապետի որոշմամբ նշանակվել եմ Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

-Պարո՛ն Մկրտչյան, ինչպիսի՞ տրամադրվածությամբ եք մասնակցելու ընտրություններին:

-Աշխատելով մարզպետարանում, այս տարիների ընթացքում բավականին աշխատանքներ ենք կատարել, ղեկավարել եմ մի կառույց ,որտեղ սպասարկում էինք 54 համայնք, ամենօր շփվել եմ բնակչության հետ, մշտապես ապրելով բոլորի հոգսերով։ Մեր քաղաքական ուժը պարտավոր էր մասնակցել դեկտեմբեր 5-ին կայանալիք խոշորացված համայնքների ընտրություններին, որպեսզի շարունակենք մեր գործը արդեն Արտաշատ խոշորացված համայնքում:

Ես ունեմ բազում ծրագրեր, որոնք անպայման պետք է կյանքի կոչեմ: Վստահ եմ, որ դա ինձ հաջողվելու է: Մենք գնում ենք հաղթական պայքարի:

Իմ շուրջը համախմբված են մարդիկ, ովքեր սիրում են իրենց բնակավայրը, քաղաքը, գյուղերը և տրամադրված են արդյունավետ աշխատանքի: Ուրախ եմ, որ մեզ հետ են նաև բազմաթիվ երիտասարդներ, ովքեր վստահում են մեզ, քանի որ ծանոթ են մեր աշխատանքին, գիտեն, որ մենք գործի մարդիկ ենք:

-Պարո՛ն Մկրտչյան, այժմ Արտաշատը դառնալու է խոշորացված համայնք: Որքանո՞վ եք արդյունավետ համարում խոշորացման գործընթացը:

-Ես համոզված եմ, որ համայնքների խոշորացումը արդյունավետ տարբերակ է զարգացնելու հատկապես փոքր համայնքները, որոնց բյուջեն շատ փոքր է: Այս մոդելը թույլ է տալիս ֆինանսների առավել արդյունավետ կառավարում ու բաշխում, գյուղտեխնիկայի ձեռքբերում ու տրամադրում և այլ խնդիրների լուծում:

-Ինչպե՞ս կգնահատեք ընտրություններում Ձեր հաղթելու հնարավորությունները:

-Մեր հնարավորությունները շատ բարձր եմ գնահատում:

-Ի՞նչ կարգախոսով եք հանդես գալու:

-Մեր կարգախոսն է «Ապագա Կա՛ Արտաշատ»: Ես հաստատ համոզված եմ, որ եթե սիրում ես քո բնակավայրը, ցանկություն ու կամք ունես աշխատելու, ապա անպայման կհասնես արդյունքի: Մենք պատրաստ ենք միավորվելու, համախմբվելու և հզոր համայնք կառուցելու:Ի դեպ, Արտաշատ համայնքը ամենախոշորն է լինելու։

-Ի՞նչ եք խոստանում արտաշատցիներին:

-Խոստանում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի իրենց յուրաքանչյուր խնդիրներն աստիճանաբար լուծելու համար: Առաջին հերթին պարտավորված կլինեմ ինձ չընտրողների հանդեպ, որովհետև իրենց կունենամ ապացուցելու, որ կարող ուժ եմ, ես գիտակցում եմ, թե ինչպիսի բեռ եմ վերցնում ինձ վրա, ուստի՝ պատրաստ եմ այն արժանապատվորեն կրել:Եռանդով ու նվիրումով շարունակելու եմ կառուցել, նորոգել, շենացնել․․․

-Ձեր կոչը  Ձեր քաղաքական թիմին ընտրողներին։

-Մեր քաղաքական թիմին ընտրողներին միայն մեկ բան կարող եմ ասել,դեկտեմբերի 5-ին ակտիվ մասնակցեն ընտրություններին,քվեարկեն խղճի և մտքի համոզմունքով։ Կերտելու ենք մեր երեխաների ապագան, Արտաշատ խոշորացված համայնքի ապագան։

-Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է։Ի՞նչ կմաղթեք մյուս քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։

-Բոլոր քաղաքական ուժերին և մրցակից թեկնածուներին մաղթում եմ հաջողություն,թող հաղթի ով արժանի է և կարող ուժ է լավ աշխատելու։ Իսկ արտաշատցիներին,նաև խոշորացման փուլում գտնվող  գյուղական համայնքներին  մաղթում եմ, որ լցվեն համբերությամբ եւ իրենց բարձր տրամադրությամբ մասնակցեն ընտրություններին, իրենց ձայնը տան այն մարդուն, ում վստահում են, ում ճանաչում են: Ես էլ, որպես թեկնածու, պատրաստ եմ ծառայել իմ արտաշատցիներին: Ու էն, որ ասում եմ՝ հուսախաբ չեմ անելու, ամեն ինչ անելու եմ, որ արտաշատցիներն ապրեն ավելի բարեկարգ, մաքուր քաղաքում:

Մաղթում եմ համայնքի բնակիչներին, որ դեկտեմբերի 5-ին կատարեն իրենց քայլը, ընտրեն արժանապատիվ ապագան և զարկ տան նորաստեղծ և երազանքների  Արտաշատ խոշորացված համայնք  ունենալու միասնական նպատակին:

Mnews.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

kotayk

Լրահոս