Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել, ապա արտաքսել են Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ազեր Բադամովին: Նրան տեղեկացրել են, որ իր մուտքն արգելված է Ռուսաստան: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է միջադեպը.
«Պետք է նշել, որ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովի մասնակցությամբ պատվիրակության այցը Աստրախան քաղաք կազմակերպվել է հենց Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզի փոխնահանգապետ, մարզի կառավարության նախագահ Դենիս Աֆանասիևի հրավերով՝ ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 102-ամյակի կապակցությամբ միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Չնայած այն հանգամանքին, որ պատվիրակությունը Բաքվից մեկնել էր Մոսկվա, ռուսական կողմը, առանց որևէ նախնական նախազգուշացման կամ տեղեկատվության, Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել է պատվիրակության կազմում գտնվող պատգամավոր Ազեր Բադամովին՝ նշելով, որ նրան արգելված է մուտք գործել երկիր։ Մոսկվայի օդանավակայանում որոշ ժամանակ կալանքի տակ մնալուց հետո նա վերադարձվել է մեր երկիր։
Այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը անմիջապես կապ է հաստատվել Ռուսաստանում մեր դեսպանատան միջոցով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հարցը կուսումնասիրվի, սակայն բացատրություն չի տվել այս որոշման պատճառների վերաբերյալ։
Մենք ռուսական կողմի այս որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ և սպասում ենք Ռուսաստանից պարզաբանումների այս հարցի վերաբերյալ», — ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։