8 Հունիսի, 2026
Էվրոսի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրուպոլիի նավահանգստի գործադիր տնօրեն Կոնստանտինոս Խաձիկոնստանդինուի հետ։

Հանդիպման ընթացքում նավահանգստի գործադիր տնօրենը ներկայացրել է Ալեքսանդրուպոլիի նավահանգստի ռազմավարական նշանակությունը՝ որպես Հունաստանը, Բուլղարիան և Թուրքիան կապող կարևոր տրանսպորտային ու լոգիստիկ հանգույց։

Անդրադարձ է կատարվել նավահանգստի երկաթուղային ենթակառուցվածքներին, տարածաշրջանային բեռնափոխադրումների ապահովման գործում նրա դերին, ինչպես նաև Սևծովյան և միջերկրածովյան ուղղություններով համագործակցության հնարավորություններին։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա բաղկացուցիչ մաս կազմող «ԹՐԻՓՓ» (TRIPP) նախագիծը՝ ընդգծելով տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման և տնտեսական փոխկապակցվածության ընդլայնման հեռանկարները։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև հայկական արտադրանքի եվրոպական շուկաներ արտահանմանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Ալեքսանդրուպոլիի նավահանգստի հնարավոր դերակատարությանը՝ որպես Հայաստանից Եվրոպա արտահանվող բեռների տարանցման և բաշխման հանգույց։

Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դանգազյանը։

 

Լրահոս