3 Դեկտեմբերի, 2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր։

Այցը կազմակերպվել է Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ, մասնակցել են Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, խորհրդարանական հանձնաժողովի անդամ պատգամավորներ։

Շրջայց է իրականացվել Արևուտ, Կանչ և Հակո գյուղական բնակավայրերով, Անահիտ Մանասյանն ու այցի մասնակիցները զրուցել են բնակիչների հետ, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին։ Պաշտպանի հանձնարարությամբ բնակիչների կողմից բարձրացված խնդիրները հաշվառվել  են։ Այցի մասնակիցները եղել են վերոնշյալ բնակավայրերի դպրոցներում, զրուցել աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ։ Բոլոր բնակավայրերում արձանագրվել են խնդիրներ` կապված բժշկական կենտրոնների, դեղատների, վաճառակետերի և տրանսպորտի բացակայության հետ։ Ի թիվս այլնի, եզդիական համայնքի ներկայացուցիչները նշել են, որ իրենց բնակավայրերում չկա ավագ դպրոց, ինչի հետևանքով երեխաների՝ ապագայում կրթությունը շարունակելու հետ կապված խնդիրներ են առաջանում: Ուսումնական հաստատությունների շենքային պայմանները գտնվում են ոչ բարվոք վիճակում. բացակայում է կենտրոնական ջեռուցման համակարգ, դասարանների կահավորումը թերի է, մարզադահլիճներն ընդհանրապես ենթակա չեն օգտագործման։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում։

Ինչ վերաբերում է երեխաների իրավունքներին՝ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են, մեծ է պետության դերը երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում:

«Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ արձանագրված բոլոր խնդիրները, որոնք գտնվում են իր իրավասության շրջանակներում, կամփոփվեն և կներկայացվեն պետական իրավասու մարմիններին։

Լրահոս