2025թ․-ի հունվարի 24-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լ․ Սեփխանյանի նախագահությամբ որոշում է կայացրել բավարարելու կազմակերպության իրավական պաշտպանության ներքո գտնվող Վ․Մ․-ի ձերբակալման արձանագրության իրավաչափության վերաբերյալ ներկայացված դիմումը։ Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:
Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Սույն թվականի հունվարի 10-ին առավոտյան ժամը 7։45-ին քաղաքացի Վ․Մ․-ի բնակարան են այցելել քաղաքացիական հագուստով 2 անձ, որոնք ներկայացել են որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներ։ Վերջիններս առանց որևէ հիմնավորման և փաստաթուղթ ներկայացնելու հորդորել են Վ․Մ․-ին իրենց հետ գնալ Վարչություն, նշելով, որ զրուցելու բան ունեն։
Նույն օրը Վարչությունում Վ․Մ․-ն ենթարկվել է անձնական խուզարկության՝ առանց համապատասխան իրավական հիմքերի։ Խուզարկությունից հետո Վարչության աշխատակիցները ֆիզիկական բռնություն են կիրառել Վ․Մ․ նկատմամբ՝ իր կողմից չկատարած արարքի համար ինքնախոստովանություն կորզելու նպատակով։ Չկարողանալով ստանալ խոստովանությունը՝ առանց որևէ իրավական հիմնավորման հաջորդ օրը ժամը 13:00-ի սահմաններում Վ․Մ․-ին ազատ են արձակել։
ՀՔԱՎ-ը և գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ստանձնել են Վ․Մ․-ի իրավունքների պաշտպանությունը։ Հունվարի 15-ին Չատինյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացրել, որը այսօր՝ հունվարի 24-ին բավարարվեց։
Վահան Մկրտչյանին ձերբակալելու մասին արձանագրությունը և անազատության մեջ պահելուն ուղղված գործողությունները եղել են ակնհայտ ոչ իրավաչափ և առկա բոլոր իրավական և փաստական հիմքերի հիման վրա դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել վերջինիս ձերբակալումը։