8 Հունիսի, 2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային Հեռուստաընկերության։ Հայտնում է «Փաստինֆո»-ն:

Գագիկ Ծառուկյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Հանրային ՀԸ-ին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, որոնք, հայցվորի գնահատմամբ, տեղ են գտել «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ հրապարակման մեջ։

«Մասնավորապես իրականությունը չի համապատասխանում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ, կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ, նշված բոլոր թեզիսները և պնդումները սխալ են։ Տեսանյութը ներկայացվել է տեսանյութի հրապարակման պահին իշխող քաղաքական ուժի օրակարգին համահունչ՝ այն ծառայեցնելով վերջիններիս շահին և ընտրություններում այլ թեկնածուների նկատմամբ առավելություն ձեռք բերելուն։ Իրականում ԲՀԿ-ն քաղաքական գործընթացներում անկախ և ինքնուրույն գործող կուսակցություն է, որը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին։

ԲՀԿ-ն ստեղծվել է ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու և մեր հայրենիքի բարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով: «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության անդամներին միավորում են ազատության, արդարության, համերաշխության և հայրենասիրության գաղափարները: Պաշտպանելով ազգային և ավանդական արժեքների պահպանումը, մեծ նշանակություն տալով՝ ընտանիքին, եկեղեցուն և պետականությունը, առաջնորդվելով այն հանրահայտ ճշմարտությամբ, որ մարդը բարձրագույն արժեք է, կուսակցությունն իր գործունեությունը նպատակաուղղել է «Մարդու կողքին, մարդու միջոցով և մարդու համար» կարգախոսի իրականացմանը:

Միաժամանակ Տեսանյութում խոսվում է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական գործերի մասին, որոնց վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը ևս չի ներկայացվել բարեխիղճ և հավասարակշռված, լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ պարզելու Տեսանյութի մեջ ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը, արդյունքում ներկայացնելով միակողմանի սխալ տեղեկատվություն։ Գագիկ Ծառուկյանն մեղավոր չի ճանաչվել/ արդարացվել է իր նկատմամբ հարուցված քրեական բոլոր վարույթներով»,-նշել է հայցվորը՝ պահանջելով այն ներկայացնել հերքման տեքստում։ Միևնույն ժամանակ թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պահանջել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը 6 մլն դրամի չափով։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գուրգեն Քոթանջյանին։

Լրահոս