Հունվարի 19-ին զենքի, ռազմամթերքի հայտնաբերման հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտաի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ Համբարձումյան փողոցում նկատել են «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը կայանված է եղել երթևեկությանը հակառակ ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները մոտեցել են վարորդին պարզաբանումներ կատարելու համար, որից հետո նրան հարցրել են, թե իր մոտ առկա՞ են հակաօրինական իրեր կամ առարկաներ, քաղաքացին հայտնել է, որ իր մոտ առկա է օդամղիչ ատրճանակ:
Նշվում է, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու ծագած հիմնավոր կասկածանքով վարորդին ձերբակալել և տեղափոխել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին։