4 Հունիսի, 2026

Կալանավորված Վահագն Չախալյանը դատարանում հայտարարություն է արել.

«Դատարանի այս դահլիճում բազմիցս նշել եմ, որ մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատաբերներ ենք, ազատարարներ՝ ամբողջովին և անմնացորդ նվիրված Հայաստանի ազատագրման, հզորացման, բարգավաճման և վերածննդի նվիրական գաղափարին։

Ակնհայտ է, որ այս ազգադավ իշխանություններն ընտրություններից մեկ տարի առաջ մեզ մեկուսացրել են, որպեսզի կարողանան վաղը ևս մեկ անգամ վերարտադրվեն։

Պայմանավորված այն հատուկ պայմաններով, որոնցում գտնվում եմ, այսօր, այս դահլիճում ստիպված եմ երկու առանձին հայտարարություն մեկ տեքստով տարաածել  (պատվարժան դատարան խնդրում եմ բարձրախոսս չանջատեք և թույլ տաք ավարտել խոսքս): Այն բաղկացած է երկու մասից և ուղղված է երկու հասցեատիրոջ՝ Ջավախքում և Հայաստանից դուրս գտնվող, ՀՀ քաղաքացիություն ունեցող իմ շատ սիրելի և արժանապատիվ ջավախահայությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։ Այն կարելի է կարճ բնութագրել՝ եկ ու գնա։

 Ջավախքում և արտերկրում բնակվող, ՀՀ քաղաքացիություն ունեցող արժանապատիվ ջավախահայերին

Հանուն Հայաստանի՝  եկ Հայաստան  և գնա ընտրության։

Իմ սիրելի և թասիբով ջավախահայեր, ես միայն պատերազմի ժամանակ՝ Հայաստանի համար այդ ճակատագրական օրերին եմ ձեզ խնդրանքով դիմել։ Պատերազմը չի՛ ավարտվել, այսօր էլ այն շարունակվում է, այսօր էլ իրավիճակը կրիտիկական է և պատերազմական, ուղղակի այսօր այն տրանսֆորմացվել է, այսօր  Հայոց պետականության և անկախության թշնամիները տանկերով չեն հարձակվել մեզ վրա, այլ փափուկ ուժի և իրենց ազդեցության գործակալների միջոցով են փորձում հասնել իրենց բաղձալի նպատակին։

Իմ արժանապատիվներ, իմ ջավախահայեր, շատերդ տեղյակ եք, որ գրեթե մեկ տարի է գտնվում եմ անազատության մեջ, սահմանափակված է իմ ազատ տեղաշարժման և ազատ խոսքի իրավունքը, բայց փաշինյանական բռնաճնշումներն ու հալածանքներն ի զորու չեն եղել կոտրել իմ կամքը և պայքարել-հաղթելու վճռականությունը, ինչպես դա իզորու չեղավ անելու սահակաշվիլիական բռնաճնշումների և հալածանքների շղթան։

Իմ հզորներ, իմ մաքրամաքուրներ, իմ ջավախահայեր, այսօր էլ խնդրանքով դիմում եմ ձեզ, ձեզանից նրանց, ովքեր ՀՀ անձնագիր ունեն, հանդիսանում են ՀՀ քաղաքացի  և սիրում են Հայաստանը, մի՛ զլացեք, ինչպես չզլացաք 44 օրյա պատերազմի օրերին, մի բռունցք դարձեք,   հանուն Հայաստանի հունիսի 7-ին  եկեք Հայաստան և մասնակցեք ընտրություններին, հանուն Հայաստանի հունիսի 7-ին եկեք Հայաստան և քվեարկեք։

Մի՛ զլացիր, ե՛կ, գնա ու քվեարկիր հանուն Հայաստանի։

Գնա՛, քվեարկի՛ր, որ Հայաստանը մնա։

Հանուն ուժեղ Հայաստանի, հանուն բարգավաճ Հայաստանի և հանուն դաշնակցային Հայաստանի։

Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներին

 Հայաստանում բնակվող իմ շատ սիրելի ՀՀ քաղաքացիներ, իմ հայաստանցիներ, այսօր դատարանի այս դահլիճից դիմում եմ նաև ձեզ։

Դիմում եմ ձեզ, դիմում եմ քեզ, իմ շատ սիրելի եղբայր, ընկեր ու բարեկամ, դիմում եմ քեզ իմ արյունակից, մեր երակներով նույն արյունն է հոսում, հայի արյունը։ Հունիսի 7-ին կանխորոշվելու է իմ, քո, մեր երեխաների ապագան, հունիսի 7-ին որոշվելու է, թե նրանք Պետականություն և Հայրենք կժառանգեն, թե կմնան առանց նրանց։

Իմ ծանոթ և անծանոթ արյունակից, իմ թանկ բարեկամ,

եթե սիրում ես հայն ու Հայաստանը, Հայկ Նահապետին և Մովսես Խորենացուն, Շառլ Ազնավուրին և Նարեկացուն, խնդրում եմ քեզ հունիսի 7-ին գնա ընտրության,

եթե ուզում ես Հայաստանը հայկական մնա, հունիսի 7-ին գնա ընտրության,

եթե ուզում ես ապագայում էլ գնալ Ջերմուկ և հանգստանալ այնտեղ, ապագայում էլ վայելել Ջերմուկի բուժիչ օդն ու ջուրը, հունիսի 7-ին  գնա ընտրության։

եթե ուզում ես Ապարանի սառը ջուրը մերը մնա, հունիսի 7-ին գնա ընտրության,

եթե ուզում ես Արագած սարը կարոտ չդառնա Արարատի պես սահմանից այն կողմ, հունիսի 7-ին գնա ընտրության,

եթե ուզում ես Հայաստանն ու Վրաստանն իրար հետ սահման ունենան, հունիսի 7-ին գնա ընտրության,

եթե ուզում ես Հայաստանն ու Պարսկաստանն իրար հետ սահման ունենան, հունիսի 7-ին գնա ընտրության։

Մի՛ մնա պառկած բազմոցին, 15 րոպե ավել «դիվան քշելու» համար մի կործանիր զավակներիդ ապագան, խնդրում եմ քեզ, հունիսի 7-ին գնա ընտրության։

Չլսե՛ս թշնամական քարոզչամեքենային, թե դու բան փոխել չես կարող, և քեզանից բան կախված չէ, չդառնա՛ս այդ քարոզչամեքենայի զոհը։

Հիշի՛ր՝ քո մեկ ձայնն իսկ կարող է վճռորոշ ու բեկումնային լինել, քո մեկ ձայնն էլ կարող է փոխել մեր պարտությունների և նահանջի այս ընթացքը։

Հիշի՛ր և հավատա՛ քո ուժին, իմ ուժին, մեր բռունցքվելու և միասնականության ուժին, մեր հառնելու և վերածննդի ուժին։

Հավատա՛ և հունիսի 7-ին գնա՛ ընտրության, ամուր սեղմում եմ ձեռքերդ և փաթաթվում եմ քեզ, իմ լա՛վ բարեկամ։

Քո զավակներին հուսախաբ չանե՛ս, գնա՛ ընտրության»:

 

Լրահոս