Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած նախաձեռնությունը, ըստ պաշտոնական բացատրությունների, նպատակ ունի տարեց քաղաքացիներին տալ նոր հնարավորություն՝ իրենց անշարժ գույքը վերածել եկամտի աղբյուրի։
Գաղափարը կառուցված է հայտնի ֆինանսական գործիքի՝ «հետադարձ հիփոթեքի» տրամաբանության վրա,քաղաքացին պահպանում է իր բնակարանի սեփականությունը, սակայն դրա դիմաց ստանում է պարբերական եկամուտ՝ սովորաբար բանկային կամ ֆինանսական կազմակերպության միջոցով։
Հայաստանում, կարծես, նոր սոցիալական փիլիսոփայություն է ծնվում,եթե թոշակդ չի հերիքում ապրելու, խնդիրը թոշակը չէ, այլ այն, որ դեռ տուն ունես։ Հենց այստեղ էլ հայտնվում է «փրկարար» գաղափարը՝ տատիկ-պապիկները կարող են իրենց բնակարանը գրավադրել, դրա դիմաց գումար ստանալ ու, ինչպես ոմանք ներկայացնում են, նույնիսկ ճամփորդել։
Թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ է։ Տարեց մարդը շարունակում է ապրել իր տանը, ստանում է հավելյալ եկամուտ, բանկն էլ սպասում է իր ժամին։
Միջին հայկական թոշակառուն հազիվ է հոգում դեղորայքի, կոմունալ վճարների և սննդի ծախսերը։ Նրա հիմնական կապիտալը բնակարանն է, որը հաճախ ոչ թե ներդրումային ակտիվ է, այլ ընտանիքի միակ անվտանգության բարձիկը։ Այդ մարդուն ասել՝ «գրավադրիր տունդ ու վայելիր կյանքը», նույնն է, ինչ սոված մարդուն խորհուրդ տալ վաճառել սառնարանը՝ ուտելիք գնելու համար։
Պատկերացնենք՝ 75-ամյա պապիկը բանկից դուրս է գալիս, տունը գրավադրված է, ձեռքին՝ հերթական վճարումը, և անմիջապես գնում է տուրիստական գործակալություն.
— Ո՞ւր եք ցանկանում մեկնել։
— Ինչ-որ տեղ, որտեղ տան գները չեն բարձրանում, իսկ թոշակը հերիքում է ապրելուն։
Իրականում հարցն այն չէ՝ այս գործիքը գոյություն ունի՞ զարգացած երկրներում։ Գոյություն ունի։ Հարցն այն է, թե ինչու է այն ներկայացվում որպես սոցիալական հաջողության պատմություն։ Եթե տարեց մարդը ստիպված է իր կյանքի ընթացքում կուտակած միակ գույքը դարձնել եկամտի աղբյուր, դա ավելի շատ սոցիալական խնդրի ախտանիշ է, քան տնտեսական հաղթանակ։
Պատգամավոր Բաբկեն Թունյանի այս նախաձեռնության մասին լսելիս երբեմն իսկապես հարց է առաջանում՝ արդյոք առաջարկը ներկայացնելիս կապը իրականության հետ մի պահ չի կտրվել։ Տպավորություն է ստեղծվում, թե սոցիալական խնդիրների քննարկումը որոշ դրվագներում վերածվում է «եկեք մի քիչ փորձարկենք, կտեսնենք ինչ կստացվի» տրամաբանության, մինչդեռ խոսքը մարդկանց միակ ունեցվածքի մասին է։
Ամոթ է, երբ նման հարցերը քննարկվում են այն տպավորությամբ, թե սա պարզապես հերթական ֆինանսական գաղափար է, ոչ թե իրական մարդկանց կյանքի խնդիր։ Մեր հարկերի հաշվին «զվարճանքի» կամ փորձարարական տրամադրությամբ քաղաքականություն ձևակերպելը հասարակության մոտ բնականաբար առաջացնում է լուրջ հարցեր։
Պետության հաջողությունը չափվում է ոչ թե նրանով, թե քաղաքացին որքան հեշտ կարող է գրավադրել իր տունը, այլ նրանով, թե որքան քիչ կարիք ունի դա անելու։
Երբ հասարակությանն առաջարկվում է ընտրություն՝ կամ աղքատություն, կամ սեփական տան ապագայի վրա ֆինանսական խաղադրույք, դժվար է դա ներկայացնել որպես առաջընթաց։ Իսկ «տատիկ-պապիկները կարող են գույքը գրավադրել ու ճամփորդել» ձևակերպումը շատերի համար հնչում է ոչ թե որպես սոցիալական քաղաքականություն, այլ որպես քաղաքական սարկազմ՝ նույնիսկ եթե ասվում է ամենալուրջ դեմքով։
Քրիստինե Ավագյան