ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում այսօր մեկնարկած ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի շրջանակում ԶԼՄ-ների հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ Գյումրիի հռչակումը ԱՊՀ երկրների սպորտային մայրաքաղաք և այնտեղ համաժողովի անցկացումը չի ենթադրում միայն մարզական միջոցառումների կազմակերպում:
«Ներկայացնում ենք մեր երկիրը, մարզական նվաճումները, ստեղծված ենթակառուցվածքները, սպորտի զարգացման համար ստեղծված պայմանները: Համաժողովի անցկացումը Գյումրիում փաստում է Գյումրին ոչ միայն Հայաստանի սպորտային մայրաքաղաքն է, այլ նաև արդեն ԱՊՀ-ի: Գյումրին ունեցել է փառահեղ մարզական ավանդույթներ, որոնք այսօր շարունակվում են»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում քննարկված հարցերին տեղեկացնելով, որ առաջարկ է եղել անցկացնելու Սպարտակիադա հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, որն ընդունվել է միաձայն: Այլ առաջարկներ ևս հնչել են, որոնք քննարկման փուլում են:
Կարեն Գիլոյանը, գնահատելով ԱՊՀ երկրների հետ մարզական համագործակցության մակարդակը, նշել է, որ հայ մարզիկները պարբերաբար մասնակցություն են ունենում ԱՊՀ երկրներում կազմակերպվող միջազգային մրցաշարերին և գրանցում են բարձր արդյունքներ:
18