Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Մենք արդեն Ադրբեջանին հայտնել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրված տարբերակի վերաբերյալ մեր մոտեցումները։ Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը»,- երեկ ասել էր Հայաստանի ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանը՝ հիմնավոր կասկածներ ծնելով, որ պաշտոնական Երևանը հերթական անգամ տեղի է տվել Բաքվի ճնշմանը և համաձայնել է միջազգային ատյաններից հետ կանչել հայցերը(չնայած այն հանգամանքին, որ մեր ռազմագերիներին ազատ արձակելու որևէ երաշխիք Բաքուն չի տվել) և փաստորեն համաձայնել է նաև հայ- ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն չտեղակայելու պահանջին(չնայած այն հանգամանքին, որ դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացը, որպես այդպիսին, չի էլ մեկնարկել):
Մեր կասկածները, ցավոք, հիմնավոր էին:
«Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները: Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ի՞նչ եք կարծում, Բաքուն այլևս պատրա՞ստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ:
Իհարկե, ոչ:
Հենց այսօր Բաքվից հնչել են նոր պահանջներ:
«Հաջորդիվ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր սահմանադրության մեջ»,- այսօր ասել է Բայրամովը:
Նիկոլ Փաշինյանը երեկ, ըստ էության, հայտարարեց, որ բավարարելու է Բաքվի նաև այս պահանջը:
Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի հեռուն է գնացել:
«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «պետք» է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ»,- ասել է նա:
Նկատի ունեցեք նաև այն հանգամանքը, որ օրակարգից դուրս չի եկել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման:
Մոտ տասն օր առաջ, Ադրբեջանին խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը Հայաստանին, ըստ էության, առաջարկել է «Խաղաղության պայմանագիր՝ միջանցքի դիմաց» բանաձևը:
Փաշինյանը չունի «կարմիր գծեր» և կասկածից վեր է, որ «ճկուն» լուծում է գտնելու նաև այս հարցում:
Հայաստանը կանգնած է կապիտուլյացիայի շեմին, որն, ըստ էության, Փաշինյանի հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականության հետևանք է:
Փաշինյանի «գրանդիոզ» պլանի նպատակը Հայաստանը «ռուսական տիրապետությունից ազատագրելն» էր, ինչի հետևանքով՝ մեր երկիրը հայտնվեց ադրբեջանա- թուրքական աքցանի մեջ՝ ընդունելով Բաքվի վերջնագրի բոլոր կետերը»:
68