ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը ամերիկացի օրենսդիրներին հայտնել է, որ Իրանը մտադիր է թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Վիտկոֆն այս հայտարարությունը արել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին փակ ճեպազրույցի ժամանակ։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը մտադիր է հրավիրել փորձագետներին՝ իր միջուկային օբյեկտները ստուգելու և Թեհրանի հարստացված միջուկային նյութերի պաշարները հայտնաբերելու և հաշվառելու աշխատանքները սկսելու համար։
Վիտկոֆը, սակայն, ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը նախատեսված չէ Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրով։
Նա նշել է, որ այս քայլն արտացոլված է Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի համար պատրաստված առանձին նամակում։