20 Հունիսի, 2024
80 տարեկանում վախճանվել է հայկական թատրոնի անկրկնելի վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը:
«Կյանքից հեռացավ հայ թատրոնի թագուհին,անկրկնելի, մեծ դերասանուհին մեր չքնաղ Վիոլետա Գևորգյանը։
Հայոց թատրոնը որբացավ նրա կորստով։ Լռեց բալի շուրթերով մեր հրաշքը»,-այս մասին հայտնել է նրա մերձավոր ընկերներից ամերիկաբնակ լրագրող, հեռուստահաղորդավարուհի Նունե Ավետիսյանը:
Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանը ստեղծագործական գործունեությունը սկսել է 24 տարեկանում։

Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։

Նշենք, որ հայ բեմի թագուհին 1980-ականի վերջերից բնակվում էր ԱՄՆ-ում:

Լրահոս