«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ կողմից 2024 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված 6 հաստատված վտանգավոր տարածք՝ ընդհանուր 1 588 427 մ² մակերեսով։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «ՀԱՓԿ» ականազերծողների կողմից 2024 թվականին ականազերծվել և պայթյունավտանգ զինամթերքներից մաքրվել են ընդհանուր 91 948 մ² մակերեսով վտանգավոր տարածք` Տավուշի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, որից 75 186 մ² տարածք պետական պլանով նախատեսված և 16 762 մ² տարածք պետական՝ լրացուցիչ, պատվերի շրջանակներում։
ՀՀ ՆԳՆ կառույցներից և անհատ քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում հայտնաբերվել են 2 միավոր հրթիռ և 4 միավոր 100մմ արկեր։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։
2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, ՀՀ-ում առկա են ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 114 հաստատված և 22 կասկածելի վտանգավոր տարածքներ` ընդհանուր 43 536 583 մ² մակերեսով։ Պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն՝ ըստ հաշվառումների, առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։
2024 թվականին գրանցվել է ականից/չպայթած զինամթերքից ՀՀ քաղաքացիների տուժելու 1 դեպք: ՀՀ-ում, 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ, կան ականներից/պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժածներ: