Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղական համայնքը սփռված է կապուտաչյա գեղեցկուհի Սևանա լճի հարավային ափին: Համայնքն ընդգրկված է Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայում՚ ինչպես նաև միջհամայնքային միավորման անդամ է: Ամեն տարի համայնքի բյուջետային ոլորտում արձանագրվում են հաջողություններ: Բյուջեի կատարողական մասը, միշտ գերազանցում է 100%-ը: 2010թ-ին Վարդենիկը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության լավագույն համայնքներից: Բնության հիասքանչ ու հրապուրիչ գողտրիկ անկյուններից մեկն է, որտեղ ամեն տարի մեծ շուքով ու խանդավառությամբ, ավանդական դհոլ ու զուռնայի նվագակցությամբ տոնվում է Վարդավառի տոնը: Վարդենիկ համայնքը տվել է նաև գիտության, մշակույթի, արվեստի, զինվորական, քաղաքական-պետական և այլ ոլորտների նշանավոր մարդիկ:
Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ով շատ սիրված է և մեծ հարգանք ունի համագյուղացիների կողմից, մեծ հպարտությամբ Mnews.am-ի լրագրողին ներկայացրեց համայնքն իր դիտակետից, ինչպես նաև խոսեց առաջիկա ծրագրերի մասին:
-Պարոն Հովեյան, ինչպե՞ս է այսօր ապրում վարդենիկցին:
– Ինչպես հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր բնակիչ, իր որոշակի դժվարություններով և աշխատանքներով հանդերձ: Սակայն ունենալով հետևողական և սրտացավ աշխատակազմ, որոշակիորեն կիսում ենք նրանց հոգսերը:
– Ինչո՞վ է զբաղվում գյուղացին: Առօրյան ինչպիսի՞ն է:
-Բնակչության հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Հիմնականում գյուղմթերքներից մշակվում է կարտոֆիլ, կաղամբ և հացահատիկ: Գյուղն ունի հարուստ պատմություն: Այն մեզ է հասել ավերված գյուղատեղերի, կառույցների մնացորդների և քարակերտ հուշարձանների ձևով, որոնք խոսուն վկաներն են գյուղի անցյալ պատմությանը: Վարդենիկ համայնքը ակտիվ համագործակցում է Ռուսաստանի դաշնության` Տյումեն, Չելյաբինսկ և Պերմ քաղաքների հետ և համագործակցության արդյունքում համայնքի տարածքում կատարվել է բազմաբնույթ աշխատանքներ:
– Պարոն Հովեյան, երկար տարիներ է ղեկավարում եք Վարդենիկ համայնքը: Այս տարիների ընթացքում ինչպիսի՞ աշխատանքներ եք իրականացրել:
– Նախ, ինձ համար ուրախալի է իմանալ, որ իմ համագյուղացիները գնահատում են իմ փորձառությունը: Գյուղը մի մեծ ընտանիք է: Իմ անցած ճանապարհը, ինչպես նշեցիք իմ փորձառությունը ինձ ուժ տվեց համայնքումս իմ ծննդավայրում լավ աշխատելու: Այս տարիներին կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, կներկայացնեմ համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող ձեռքբերումները:
2016թ. կապիտալ աշխատանքներ են տարվել, որոնք ավարտվել են, իրականանում են և դեռ շարունակում են իրականանալ: Ոռոգման ջրի համակարգի վերափոխման և վերանայման աշխատանքներ են իրականացվել, ինչպես նաև մայր կանալի վերանորոգում:
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ 200 միլիոն դրամի ներդրմամբ, ԾԻԳ-ով է իրականացվել համայնքի ջրարբիացման ծրագիրը: Կառուցվել են խմոցներ անասունների համար: Եվ այս բոլորը կատարվել են գյուղապետարանի և կառավարության համաֆինանսավորմամբ:Ամեն տարի Վարդենիկ համայնքում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում:
Վարդենիկ համայնքի վարչական տարածքում կառուցվել է խմելու ջրի ամբողջովին նոր ջրագիծ:Համայնքի սեփականությունը հանդիսացող խմելու ջրի նոր ջրագիծը կառուցվեց «Ջաբար» կոչվող տարածքում և սկիզբ է առնում Վարդենիկի սարերից: Ջրագծի ընդհանուր երկարությունը կազմում է 2200 գծամետր: Գյուղական ռեսուրսների և կառավարման մրցունակության ծրագրին մասնակցեցինք և այդ ծրագր շրջնակներում կառուցեցինք,որը կենսական նշանակություն ուներ մեր համայնքի համար:
Հաջորդ շատ կարևոր հիմնահարցը համայնքի համար ոռոգման ջրի հարցն էր:2018 թ-ին սկսեցինք լայնածավալ և դժվարին գործը:Տարիներ շարունակ Վարդենիկ համայնքին հուզող «Սարի առվի» հետ կապված ամենադժվար 5 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Ոռոգման ժամանակ տեղի էր ունենում ջրի կորուստ համայնքի բնակիչների համար ստեղծելով լուրջ դժվարություններ: Այն գյուղացիական տնտեսությունները, որոնք այդ տարածքում ունեին վարելահողեր, գրեթե չէին կարողանում այն ամբողջությամբ մշակել ոռոգել չկարողանալու պատճառով:Աշխատանքներն իրականացրեց «Նորոգշին» ԲԲԸ-ն: Ծրագիրը ֆինանսավորվեց Վարդենիկի համայնքի բյուջեի և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի միջոցներով:
-Կառավարության սուբվենցիոն ծրագրով բավականին աշխատանքեր են կատարվում Գեղարքունիքի մարզում ,իսկ Վարդենիկ համայնքը ունի իր մասնակցությունը այդ ծրագրերին:
-Վարդենիկ համայնքում 2020 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերից իր աշխատանքների և ֆինանսական ծավալներով ամենամեծը Վարդենիկ համայնքի «Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ» ծրագիրն է: Այս ծրագիրը իրականացնելու համար ՀՀ կառավարությունը ներդնելու է 173.3 մլն դրամ գումար, իսկ Վարդենիկ համայնքը 115.6 մլն. դրամ գումար, ընդամենը 288.9 մլն. դրամ: Մրցույթում հաղթող կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավված են նաև վարդենիկցիները: Այս պահին ավարտին են մոտենում Վարդենիկ համայնքի, իր ծանրաբեռնվածությամբ կարևոր նշանակություն ունեցող, 2-րդ փողոցի հողային աշխատանքները: Այս փողոցը երբևէ չի ասֆալտապատվել: Հողային աշխատանքները արդեն ավարտվել են 7-րդ, 8-րդ, 9-րդ,10-րդ և 13-րդ փողոցներում:
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականին կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել ներքոնշյալ սուբվենցիոն ծրագրերը.
- Վարդենիկ համայնքի «Խորքային հորերի» մաքրում և վերագործարկում», որի շնորհիվ ավելի քան 100 հա հողատարածքներ կդառնան ոռոգելի,
2.Վարդենիկ համայնքի«Փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցում և 6-րդ փողոցի գոյություն ունեցող էլեկտրական լարերի և լուսատուների փոխարինում LED 45W 5000 K լուսատուներով», որը գրեթե 100 %-ով կապահովի համայնքի լուսավորության ծածկույթը,
3.Վարդենիկ համայնքի «Մանկական երաժշտական դպրոցի»հիմնանորոգում, որը ավելի հաճելի մթնոլորտ կապահովի մեր փոքրիկների համար,
4.Վարդենիկ համայնքի «Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում», որը էլ ավելի բարեկարգ կդարձնի համայնքը:
Արդեն հայտնի են մրցույթներում հաղթող կազմակերպությունները և շինարարական աշխատանքները սկսվել են:Հավաքագրած հարկերի և խնայված միջոցների շնորհիվ սուբվենցիոն ծրագրերը իրականություն դարձան :Բոլոր աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 350 մլն. դրամ գումար, որից մոտ 210 մլն դրամը կհատկացնի ՀՀ կառավարությունը, իսկ մոտ 140 մլն. դրամ գումարը կներդրվի Վարդենիկի համայնքապետարանի միջոցներից: Հավաքագրված հարկերը Վարդենիկը դարձնում են ավելի բարեկարգ ու լուսավոր, երեխաների արտադպրոցական կրթության համար ստեղծում են ավելի նպաստավոր պայմաններ:
Վարդենիկ համայնքը տվել է նաև գիտության, մշակույթի, արվեստի, զինվորական, քաղաքական-պետական և այլ ոլորտների նշանավոր մարդիկ:Համայնքում կառուցվել է երկու եկեղեցի, վերանորոգվել են մատուռներ, համայնքին նվիրաբերել են մի քանի միավոր կարևոր նշանակության տեխնիկաներ, բարեկարգվել է գերեզմանոց գնացող ճանապարհը, կատարվել է մշակույթի կենտրոնի տանիքի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև մոտ 1500 մարդու ապահովում ենք սեզոնային աշխատանքով:
Ինչպես նաև կարող եմ նշել, որ հետևայլ ծրագրերը, որոնք իրականանում են համայնքում, պրոֆիլակտիկ բնույթ են կրում, կատարվում են յուրաքանչյուր տարի և անընդհատ:
– Պարոն Հովեյան, այսքան աշխատանքներին զուգահեռ, ինչպե՞ս եք կարողանում ապահովվել երիտասարդության զբաղվածությունը:
– Զբաղվածության ապահովումը շատ կարևոր հարց է, հիմնականում հողագործությունն ու անասնապահությունն է մեր ժողովրդի առօրյայում: Արտագնա աշխատանքը կարծես թե վաղուց արմատացած լինի, դրանից համայնքը չի տուժում, քանի որ բոլորն էլ վերադառնում են ընտանիքների մոտ: Աշխատանքի բացակայությունը մեզ մոտ սեզոնային բնույթ է կրում, երիտասարդներն էլ սիրում են զբաղվել հողագործությամբ, դե ինչ արած, գյուղի կյանքն էլ սա է:
-Կորոնավիրուսի համավարակ COVID-19-ի հետ կապված Վարդենիկում ի՞նչ միջոցառումներ են կատարվում:
– Համայնքապետարանի նախաձեռնությամբ եւ կամավորների մասնակցությամբ COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման և պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով համայնքում իրականացվեց դիմակի բաժանման գործընթաց:Դիմակ բաժանող անձինք դիմակներով և ձեռնոցներով հանդերձավորված, համայնքում բաժանեցին դիմակներ և բնակչությանը խրախուսվեց դիմակ կրել: Մեր ուղերձն է բնակչությանը «Իմ դիմակը փրկում է քեզ, քոնը` ինձ»:Այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում:
– Շատերը ձգտում են համայնքի ղեկավար դառնալ ոչ թե ինչ որ բան տալու, այլ ստանալու համար…
-Տանելու բան չունեմ, ստանալու առավել ևս. ինձ ճանաչողները միանշանակ կարող են դա փաստել։ Ես միայն մեկ ակնկալիք ունեմ. իմ սեփական բիզնեսից էլ առավել զարգացնել իմ գյուղը։ Դա ինձ համար աշխատանքային գործունեության հիմնական սկզբունքն է:
Ծրագրերը շատ են, դրանք իրագործելու ցանկությունըմեծ։ Կատարածս աշխատանքները բնականաբար բավարար չեն: Այսօր էլ կան դեռևս շատ չլուծված խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է տքնաջան, հետևողական աշխատանք և անմնացորդ նվիրում: Վստահ եմ, որ դրանք կարող ենք իրականացնել սերտ համագործակցելով, փոխադարձ վստահությամբ և համատեղ ուժերով, շարունակելով արդեն ձևավորված բարի ավանդույթները:
Mnews.am