18 Հոկտեմբերի, 2018

Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել են 4 թեկնածու համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լյովա Աբրահամյանը, համայնքի նախկին ղեկավար Վահան Գևորգյանը, հացաթխման արտադրամասի պետ Սամվել Զաքոյանը, վարորդ-առաքիչ Վիգեն Շահինյանը: 

  Հիշեցնենք, որ 2016թ.-ի հոկտեմբերի 2-ին Սարուխանում տեղի ունեցած համայնքի ղեկավար ընտրություններում Վահան Գևորգյանը չընտրվեց, գյուղապետ դարձավ Գավառի պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Չիչոյանը: 1 տարի անց Հովհաննես Չիչոյանը մահացավ եւ համայնքի ժամանակավոր պաշտանակատար նշանակվեց գյուղապետի տեղակալ Լյովա Աբրահամյանը: Գյուղացիները մեզ հետ զրույցում ասացին, որ ամեն տարի իրենց համայնքում ընտրությունները շատ լարված են լինում, մարդիկ խմբերի են բաժանվում, ծանոթ-բարեկամ իրար դեմ են աշխատում, եւ այս տարի բացառություն չի, քանի որ առաջադրված 4 թեկնածուներն էլ չեն պատրաստվում զիջել մեկը մյուսին, պայքարելու են մինչեւ վերջ: Համայնքում հանդիպեցինք Սամվել Զաքոյանի հետ, ով էլ ներկայացրեծ նախընտրական ծրագրերն ու գաղափարները:

Պարոն Զաքոյան ինչու՞ որոշեցիք առաջադրվել, ո՞րն է եղել դրդապատճառը:

   -Ինձ հետ առաջադրվող թեկնածուները տարիներ շարունակ եղել են համայնքի ղեկավարներ, 2009 թվականից ես ավագանու անդամ եմ և դրա համար համայնքում բազմաթիվ չլուծված հարցերի մասին լավ քաջատեղյակ եմ և ցանկություն եմ հայտնել համագյուղացիներիս ինքս լուծել այդ խնդիրները:

-Ինչո՞վ եք զբաղվում համայնքում և արդյո՞ք  չի խանգարի աշխատանքը համայնքապետի աշխատանքի հետ համատեղելը: 

 –Զբաղվում եմ հացի արտադրամասի տնօրինությամբ, արտադրող եմ, ստեղծում ենք արտադրական  բնույթի աշխատատեղեր համայնքի բնակիչների զբաղվածության հարցը լուծելու համար: Մեր երիտասարդության մի մասը մեկնում են արտագնա աշխատանքի, մեր ԱՊՀ երկրներում են գտնվում և մեծ ցանկություն են հայտնել գալ և ներդրումներ անել համայնքի բարելավման համար: Մենք շփվում ենք բոլորի հետ համատարած, այստեղ կարևորը վստահությունն է , որը պետք է վերականգնել: Մեր համայնքի բյուջեն ունի բավականին մեծ հնարավորություններ, որպեսզի ավելի բարեկարգ վիճակում տեսնենք համայնքը, սակայն սոցիալական գործառույթները ճիշտ չեն բաշխվում: Որոշել ենք կազմել հասարակական խորհուրդ, որտեղ կքննարկենք դեռևս կյանքի չկոչված  ծրագրերի մասին, այնուհետև նոր կներկայացնենք ավագանու նիստերում: Դա կլինի ավելի փոխկապակցված աշխատանք: Իսկ համատեղելիության մասին դեռ վաղ է խոսելը:

-Նախկին գյուղապետերից ո՞րի ժամանակ է գյուղը զարթոնք ապրել, որ կարողացել եք ընդունել նրա գաղափարները: 

   -Բնականաբար մեր լոսահոգի բժիշկ Չիչոյանի ժամանակ, թեկնածությունն առաջադրելու ժամանակվանից իր կողքին էի, ցավոք սրտի կարճ աշխատեց: Աստված հոգին լուսավորի:

-Ունեք կազմած ծրագրերի համակարգ, կարևորագույն ծրագրերից մի քանիսը կներկայացնե՞իք: 

–   Առաջնային մի բան եմ ուզում ասել, այսօր մենք ունենք երեխաներ, ովքեր այցելում են Գավառի սպորտդպրոց, իմ ծրագրերի մեջ կա ստեղծել սպորտային դպրոց ինձ պատկանող 600 քառ. մետր սեփական տարածքն անվարձահատույց տրամադրելով:  Սարուխանը մեծ համայնք է, սակայն աղբահանության հարցը չի ստացվում լիարժեքորեն լուծվել: Համայնքը կանաչապատ չէ, որը ողջունելի չէ, չունենք գեղեցիկ այգիներ, պուրակներ: Համայնքը բոլոր ճանապարհների կողմից ունի բարեկարգման կարիք, դաշտամիջյան ճանապարհների կառուցում և վերականգնում,  ունենք աշխատատեղի խնդիր, որը կարծես ամբողջ հանրապետությունով մեկ գերխնդիր է: Համայնքին ընդհանրապես որևիցե մեկը անուն դնել չի կարող, ունենք մտավոր մեծ ներուժ ուեցող համագյուղացիներ, պարզապես այսպես շարունակվելով Սարուխանը կդառնա երկրորդական բնակավայր, որտեղ միայն կվերադառնան բնակվելու ամառվա սեզոնին:

-Նոր Հայաստանի մեկնարկին համընթաց առաջադրվել եք համայնքապետի թեկնածու, ինչպե՞ս ընդունեցիք այդ գաղափարը, արդարացվա՞ծ փոփոխության մեկնարկ էր:

 –  Նախապես ասեմ, որ երբևիցե որևէ կուսակցության անդամ չեմ եղել, այսպես ասած մաքուր է իմ քաղաքական կյանքի էջը, պատահականություն էր, որ իմ շահերն ու Քաղաքացիական պայմանագրի գաղափարներն ու մտքերը համընկան և ինձ սկսեցին սատարել իրենք:

-Իսկ վերջում, ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտրվելու հնարավորությունները:

– Չմոռանանք, որ մենք ապրում ենք 2018 թվականի մայիսի 8-ից հետո ստեղծված Նոր Հայաստանում և այստեղ մեծամտությունն ու «դաբռոները», սուտ խոստումները, երևակայական պատկերացումները, մեծ-մեծ խոսելը չունեն իրենց տեղը: Առաջ Աստված: Ես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եմ և առաջնորդվում եմ քրիստոնեական բարոյախոսության սկզբունքներով:

Մյուս բոլոր թեկնածուներին մաղթում եմ հաջողություն,սարուխանցին շատ լավ գիտի ,թե որ համայնքի ղեկավարի կողմից ինչ չարաշահումներ կամ աշխտանքներ են կատարվել։

  Իսկ ժողովրդին  արդար և իրենց խղճին մոտ ընտրություն անեն մտածելով գալիք օրվա մասին: 

Mnews.am

 

Լրահոս