26 Փետրվարի, 2022

Դատարանը Կարեն Քոչարյանին պարտավորեցրեց հրապարակայնորեն ներողություն խնդրել Արսեն Թորոսյանից։ Այս մասին տեղեկանում ենք «AM» իրավաբանական ընկերության տարածած հաղորդագրությունից:

2020թ. նոյեմբերին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում գրառում էր կատարել՝ արատավորելով պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը:

Արսեն Թորոսյանի շահերի պաշտպան, «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով Կարեն Քոչարյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել Արսեն Թորոսյանից, ինչպես նաև վճարել օրենքով նախատեսված փոխհատուցում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հայարփի Զարգարյանի նախագահությամբ, բավարարել է «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Դավիթ Հունանյանի պահանջը և Կարեն Քոչարյանին պարտավորեցրել հրապարակայնորեն ներողություն խնդրել Արսեն Թորոսյանից՝ վիրավորանք պարունակող արտահայտությունների համար` հրապարակելով ներողությունը Facebook սոցիալական ցանցի անձնական էջում, իսկ անհնարինության դեպքում` առնվազն հազար տպաքանակ ունեցող լրատվության միջոցում, ինչպես նաև նախատեսել է փոխհատուցում վիրավորանքի համար:

 

 

kotayk

Լրահոս