5 Փետրվարի, 2022

ՀՀ գլխավոր դատախազությունը չի հերքել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հայաստանի կողմից հետախուզվող նախկին պաշտոնյայի հետ Մոսկվայում մասնակցել է միջոցառումների։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որի նկատմամբ արդեն 2 տարի է ինչ հետախուզում է հայտարարված՝ Հայաստանի կողմից, թեև Ինտերպոլը և ՌԴ-ն հրաժարվել են հետախուզում իրականացնել Կոստանյանի նկատմամբ:

Հետախուզման մեջ գտնվող Կոստանյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանը Կրեմլում մասնակցել են նաեւ առավել փոքր ձեւաչափով կազմակերպված ֆուրշետ-հյուրասիրությանը, որտեղ ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցել:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյո՞ք ՌԴ դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, հետախուզման մեջ գտնվող Գևորգ Կոստանյանին, արդյո՞ք Կոստանյանի հետ Մոսկվայում քննարկվել է նրա ՀՀ վերադարձի հարցը, ինչպե՞ս են վերաբերում այն հանգամանքին, որ ռուսական կողմը պաշտոնական միջոցառմանը հրավիրել է նաև ՀՀ կողմից հետախուզման մեջ գտնվող պաշտոնյային և հետախուզվող դատախազի հետ նույն հարթության վրա ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է միջոցառմանը։

ՀՀ գլխավոր դատախազությունը չի հերքել, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ Գ. Կոստանյանը մասնակցել է այն նույն միջոցառումներին, որոնց հրավիրված է եղել նաեւ Արթուր Դավթյանը, փոխարենը տեղեկացրել, որ աշխատանքային հարցեր չի քննարկել։

«Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 10-րդ կետը՝ տեղեկացնում ենք, որ որևէ միջավայրում ՀՀ դատախազության և ՀՀ գլխավոր դատախազի իրավասություններից չբխող, ոչ աշխատանքային հանդիսացող հանգամանքների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը չի հանդիսանում տեղեկատվության տնօրինող»,- նշել են դատախազությունից։ Այսինքն՝ ըստ դատախազության՝ Արթուր Դավթյանը Մոսկվայում հանդես չի եկել որպես ՀՀ գլխավոր դատախազ, հետեւապես Գեւորգ Կոստանյանի հետ հյուրասիրության է մասնակցել որպես շարքային ֆիզիկական անձ, ուստիեւ չի խոսել նրա հետախուզման մասին, չի հորդորել վերադառնալ Հայաստան, հարցաքննվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

kotayk

Լրահոս