18 Ապրիլի, 2023
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ նրա խափանման միջոցի փոփոխման հարցով: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Տոնոյանի պաշտպաններից Սերգեյ Հովհաննիսյանը:

Ավելի քան չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է գրեթե 1.5 տարի: Անցած ամիսների ընթացքում բոլոր ատյանները, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանն անփոփոխ են թողել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խափանման միջոցը:

Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի սկզբին է մերժել ազատ արձակել ռազմական գերատեսչության նախկին ղեկավարին՝ ուժի մեջ թողնելով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։

Փաստաբանները 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել։
Ըստ մեղադրող կողմի՝ նախաքննությամբ պարզվել է, որ Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ բանակին զինամթերք մատակարարած ընկերության սեփականատիրոջ՝ Դավիթ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ 2018 թվականին ընկերությունից ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք։ Քրեական գործի հարուցման պատճառ դարձած ռազմամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով, կատարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4,6 միլիոն դոլարի հափշտակություն։

Նախկին նախարարը գործը որակել էր «քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում»։

Աղբյուր՝ azatutyun.am

kotayk

Լրահոս