3 Ապրիլի, 2023
Մարտի 30-ին Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինուժն այդ գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Նույն օրը 168.am-ին Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանն ասել էր, որ ադրբեջանցիները զավթել են Տեղ համայնքի բնակիչների դաշտերի մոտ 80 հեկտարը և դիրքավորվում են։

168.am հետ զրույցում Արգամ Հովսեփյանն ասաց, որ իրավիճակը շարունակում է նույնը մնալ։

«Զարմանում եմ, որ Տեղ համայնքի ղեկավարն այս ամենը չի մեկնաբանում, գուցե առաջնագծում է, տեսեք` «չանհանգստացնեք»։ Թշնամին արդեն 11-րդ հենակետն է տեղադրում առաջնագծում։ Այդ հենակետից մինչև Տեղ գյուղի վերջին տունը մոտ 1 կիլոմետր է»,-նշեց Արգամ Հովսեփյանը։

Նրա համար անտրամաբանական է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, երբ ասում է, որ սահմանը պետք է հսկեն սահմանապահները, այլ ոչ թե հայկական բանակը։

«Ի՞նչ է նշանակում սահմանապահ զորք, սահմանը սահմանապահները հսկում են այն ժամանակ, երբ պատերազմական իրավիճակ չի լինում։ Սահմանների ճշգրտում արե՞լ է, հիմա էլ սահմանապահ զո՞րք է կանգնեցնում, սահմանազատում ու սահմանագծում է արե՞լ։

Պատերազմական իրավիճակում բերում է, երկու հոգու կանգնեցնում է 13 պոստի դիմաց, որ ի՞նչ անի, դրա անունը ի՞նչ է դնում, ո՞վ է նման բան տեսել»,-շեշտեց նա։

Ըստ Արգամ Հովսեփյանի, այս իրավիճակի լուծումը մեկն է՝ զինվել ու պայքարել, այլ ճանապարհ չկա։

«Պիտի զինվենք, լավ զինվենք, մենք ուժեղ ենք, հետ կշպրտենք դրանց։ Ադրբեջանցիներն էլ գիտեն, որ թույլ են, սահմանապահ գյուղերում բոլորն էլ կռվող տղերք են, միակ ճանապարհը սա է»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք նաև, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:

Հիշեցնենք նաև, որ արդեն 113 օր է՝ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։

kotayk

Լրահոս