Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) լրագրողները կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին հարցրին նրա համար հարցեր չե՞ն առաջանում, երբ Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանի նախաձեռնած բողոքի ցույցին մասնակցում են մարդիկ, որոնք ձեր իշխանության ժամանակ պաշտոն են զբաղեցրել, մասնավորապես Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Դավիթ Անանյանը, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ձեր նշած անձինք պաշտոնից ազատվելուց կամ հեռացվելուց հետո անմիջապես անցել են ընդդիմադիր դաշտ ու փորձել են որոշակի գործողություններ այնտեղ ծավալել: Իմ ունեցած տեղեկություններով, նրանցից ոչ ոք, իշխանության մաս կազմելու ժամանակ, երբ հարմարավետորեն տեղավորված էին իրենց պաշտոնական աթոռներին, որևէ անհամաձայնություն չեն հայտնել քաղաքական գործընթացների հետ ու միայն հեռացվելուց ու այդ պաշտոնից ազատվելուց հետո են… Խոսքը չի վերաբերում միայն այն անձանց, ում նշեցիք: Այդ գործողությունները զուտ տեղավորվում են իշխանությունից ընդդիմություն անցնելու քաղաքական ենթատեքստի հետ»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը:
Լրագրողները նշեցին, որ իրենց կառավարության նախկին պաշտոնյաները գտնում են, որ Փաշինյանը լավ չի կառավարել, դրա համար իրենք պաշտոնանկ են եղել:
Ըստ Վաղարշակ Հակոբյանի, սակայն, իրենք չեն կարող գնահատական տալ ով է լավ կառավարում, ով ոչ, որովհետև 2021-ի ընտրություններին ժողովուրդն է դա որոշել:
«Այդ մարդիկ մնացել են հին կառավարման մոդելի տակ, երբ ժողովրդին իրավունք չէին վերապահում ինչ-որ բան որոշել: Այժմ որոշում է ժողովուրդը: Ժողովուրդը որոշել է, որ ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, ու ժողովուրդն է միայն այն սուբյեկտը, ով կարող է որոշում կայացնել այս մարդը կարողանո՞ւմ է կառավարել, թե՞ չի կարողանում»,- եզրափակեց ՔՊ-ական պատգամավորը: