«Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը, ընդգրկված լինելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կազմում, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված աղդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով։ Նա, նախնական համաձայնություն ձեռք բերելով նույն հանձնաժողովի մյուս պաշտոնատար անձանց հետ, խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը։ 2013 թվականի սեպտեմբերի 16-ին փաստացի չկայացած, բովանդակությունն աղավաղված պաշտոնական շրջանառության ենթակա աճուրդի նիստի թիվ 1 արձանագրության հիմքով կազմակերպել է 250 քմ մակերեսով հողամասն ընդամենը 10 միլիոն 500 դրամով իր հետ փոխկապակցված անձին օտարելու, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի համապատասխան որոշման հիման վրա անձի հետ հողամասի օտարման պայմանագիր կնքելու, ապա նույն օրը բնակելի և հասարակական կառուցապատման աշխատանքներ իրականացնելու ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ 2015 թվականի մայիսի 6-ին՝ բնակելի և հասարակական նշանակության կառուցապատում իրականացնելու համար 36 ամիս ժամկետով շինարարության թույլտվություն տրամադրելու ապօրինի գործընթացները։
Այնուհետև, խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, ընդլայնման նպատակով 2016 թվականի մայիսի 11-ին կազմակերպել է նշված հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող 195 քմ մակերեսով հողամասն ընդամենը 4 միլիոն 943 հազար դրամով, ուղղակի վաճառքի եղանակով, նույն անձին օտարելու, իսկ 2018 թվականի մարտի 30-ին մինչև 5 հարկանի նկուղային կամ կիսանկուղային հարկով բնակելի և հասարակական նշանակության շինության կառուցման աշխատանքային նախագիծ։ 2018 թվականի ապրիլի 25-ին էլ կազմակերպել է 36 ամիս ժամկետով բնակելի և հասարակական նշանակության շինության շինթույլտվություն տրամադրելու ապօրինի գործընթացները, ապա վերոգրյալ հողամասերում արդեն իսկ կառուցված 1117 քմ մակերեսով անավարտ շինությունը 2018 թվականի մայիսի 5-ին ձևական նվիրատվության պայմանագրի հիման վրա գրանցել է կնոջ, որդիների և հարսների անուններով՝ այդ կերպ Երևան համայնքի օրինական շահերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 15 միլիոն 443 հազար դրամի վնաս։
Փաստի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։