Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական ոստիկանություն վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում, ժողովրդին ավելի շատ հայտնի «Սովետաշենի հեգեբուժարանում» սպանություն է տեղի ունեցել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից հիվանդանոց է տեղափոխել դանակահարված քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայրում քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և տեղում պարզվել է, որ մահացածը 37-ամյա Հայկ Ազիզյանն է։
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված, ում նկատմամբ կայացվել է որշում՝ հարկադիր բուժման համար և նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, իսկ նրան այսօր դանակի 4 հարվածով սպանածը, ում հետապնդել ու բռնել են քրեական ու համայնքային ոստիկանները, Երևանի բնակիչ 35-ամյա Արման Թովմասյանն է, ով ժամանակին բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում և նախկինում դանակահարության համար եղել է դատապարտված, սակայն նա նույնպես դատարանի կողմից հարկադիր բուժման է ուղարկվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։