5 Փետրվարի, 2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրավերով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, ՀՀ ՔԾ պետ Ծովինար Թադևոսյանը, ՔԾ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Աշխատանքային հանդիպման նպատակն էր քննարկել ազատազրկվածների առողջությանն առնչվող խնդիրները: Գործընկերների ուշադրության կենտրոնում են եղել հատկապես վերջին շրջանում տեղի ունեցած ազատազրկվածների ինքնասպանությունների, քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերի քննարկումները: Նրանք անդրադարձել են անազատության պայմաններում գտնվող հոգեկան առողջության և վարքային խնդիրներ ունեցող մարդկանց կարիքների գնահատմանը, պատշաճ բուժսպասարկման իրականացմանն ու պատժի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեցողներին ազատություն վերադարձնելուն առնչվող հիմնախնդիրներին:

Հանդիպմանը քննարկվել են առողջական խնդիրներով պայմանավորված բողոքի դրսևորումների, այդ թվում հացադուլի, ինքնավնասումների իրականացման խորքային պատճառները: Զրուցակիցները միակարծիք են եղել առողջական սպասարկման իրականացման համար նախատեսված առկա պայմանների բարելավմանն ուղղված քայլերի հաջորդականության հարցում, ինչպես նաև կարևորել են ընդհանրական մոտեցումների սահմանումը քաղաքացիական բուժկենտրոններում ազատազրկվածների անվտանգային հարցերի վերաբերյալ:

Ծավալուն անդրադարձ է եղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված շուրջ 100 մահճակալային ֆոնդ ունեցող նոր բուժկենտրոնին, որտեղ ցուցաբերվելու է ամբողջական բուժօգնություն, միայն նեղ մասնագիտական միջամտության կարիք ունեցող ազատազրկվածները տեղափոխվելու են համապատասխան քաղաքացիական բուժկենտրոններ: ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկություններով՝ այս պահին ընթանում են «Արմավիր» ՔԿՀ-ի բուժկենտրոնի կահավորման և վերազինման աշխատանքները, նախատեսվում է այն գործարկել գարնանը:

Հանդիպման ավարտին արձանագրվել է երկու գերատեսչությունների համապատասխան աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությունը, որն ամենօրյա ռեժիմով հետևելու է բուժօգնության տրամադրման և դրան առնչվող հարցերին:

Լրահոս