«Բուքմեյքերականներին բերել ենք, որ գերշահույթներ են ստանում, ասում եմ՝ ավել հարկենք, ասում եք՝ ավել քննարկենք, հետ քաշեք… Նախ՝ հետ չեմ քաշելու»։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով բուքմեյքերական ընկերությունների հարկերն ավելացնելու` իր օրենքի նախագիծը։
Նա ասաց, թե այն ժողովրդի շահից է բխում և պայքարելու է մինչև օրենքն ընդունվի։
«Ծամել եմ, դրել ձեր բերանը, ինձ ասում եք՝ ավել քննարկենք… Ի՞նչ եք ուզում ավել քննարկել։ Ծամել եմ, դրել ձեր բերանը, ինձ ասում եք՝ ավել քննարկենք․․․ Ինչպես ուզում եք, ձեր խղճի մտոք քվեարկեք, ես ավել քննարկելու բան չունեմ»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ կառավարությունը թերանում է այդ մասով։ Պատգամավորը նկատեց, որ իր ՔՊ գործընկերներն օրենք են ընդունել, բայց չգիտեն՝ ինչի մասին է խոսքը։
«Հիմա ես կարդամ, քանի որ դուք կարդալ չեք սիրում, ձեր գործը հերիք չի չեք արել, մի հատ էլ ուրիշի արած գործն եք ալարել նորմալ նայեք»,-ասաց Հայկ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ եթե ՔՊ-ականները դեմ քվեարկեն, ապա ստացվում է, որ այդ ընկերությունների շահերն են պաշտպանում։
ՔՊ-ականն ասաց, թե կոմիտեի նիստում կառավարությունը կողմ է եղել, իսկ այն, որ Էկոնոմիկայի նախարարությունից եզրակացություն չի ներկայացրել, ոչինչ չի նշանակում։
«Կառավարության նիստի ձայնագրությունները կան, կհանեմ կուղարկեմ»,- Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Պողոսյանին դիմեց Սարգսյանը, քանի որ նա մինչ այդ հայտարարել էր, թե նախարարությունում դեռ չեն հասցրել եզրակացություն տալ նախագծին։
Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները 3 կողմ, 2 ձեռնպահ ձայներով դրական եզրակացություն տվեցին և հարցն ընդգրկեցին ԱԺ օրակարգ։