10 Փետրվարի, 2025
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Վերջին մրցումային օրը տեղի ունեցավ 96 կգ, 102 կգ, 109 կգ եւ 109+ կգ քաշային կարգերի պայքարը:

96 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը երկամարտի 366 կգ արդյունքով նվաճեց Դավիթ Հովհաննիսյանը (165+201):

102 կգ քաշայինների պայքարում առաջատարը Արա Աղանյանն էր: Երկամարտում նա գրանցեց 340 կգ արդյունք (150+190):

109 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Պետրոս Պետրոսյանը: Երկամարտում նա ցույց տվեց 368 կգ արդյունք (158+210):

Գերծանր քաշայինների պայքարում երկամարտի 400 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը (180+220):

Տղամարդկանց Հայաստանի առաջնությանը մասնակցում էր 29 ծանրորդ: Առաջնությունից ազատված են Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը:

Մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ դարձան Վոլոդյա Սարգսյանը (55 կգ), Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Նարեկ Հովսեփյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը (89 կգ):

Առաջնության մեկնարկի օրը հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել էր, որ մրցաշարի արդյունքներով հավաքականի նոր կազմ չի ձեւավորվելու, համալրումներ չեն լինելու: Գլխավոր մարզիչը նաեւ հայտարարել էր, որ Սիմոն Մարտիրոսյանը, նաեւ Անդրանիկ Կարապետյանը հավաքականում չեն: ԱՆդրանիկ Կարապետյանը չներկայացավ մրցաշարին։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դեռ չի մեկնաբանել գլխավոր մարզիչի հայտարարությունները:

Հայաստանի առաջնությունից հետո ծանրորդները 14-օրյա հավաք կանցնեն Ծաղկաձորում եւ կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը:

Լրահոս