Հայաստանի ներկա իշխանությունները հայ ժողովրդի դեմ համակարգված պայքար են մղում: Նրանք ոչ միայն իրենք են տարբեր երկրներ, Հայաստանի տարբեր բնակավայրեր այցելում ու գեներացնում հակահայկական գաղափարներ ու թեզեր, այլև այդ նպատակով ամենուր վարձում ու ներդնում են իրենց զոմբիներին: Վերջիններս ավտոբուսներում, տաքսիներում, փողոցներում, նույնիսկ ինքնաթիռներում բառ առ բառ կրկնում են հայ ազգի մեծագույն դավաճանի խոսքերն ու մոտեցումները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտման ու 44-օրյա պատերազմում փաշինյանական պարտության, հազարավոր զոհերի և Արցախի կորստի
Այս մասին ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Իր վերջին եթերներից մեկում անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ինչպս նաև Նիկոլ Փաշինյանի այն «քարոզչությանը», թե «կայսրության» կողմից է մեզ պարտադրվել այդ թեման, Կարապետյանը մասնավորաբար նշել է, որ իրականում նույնիսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է կառուցվել հայ ուսանողների, երիտասարդների ցույցերի, ճնշման արդյունքում, այլ ոչ թե թելադրված է եղել ինչ-որ տեղից կամ ինչոր մեկի կողմից: Անդրադառնալով նույն Նիկոլ Փաշինյանի այն «հարցադրմանը», թե ինչու, ասենք, մինչև 1939 թվականը Ցեղասպանության մասին չէր խոսվում, Կարապետյանը հիշեցնում է, որ առաջին անգամ Ցեղասպանություն տերմինը 1944 թվականին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Նա այս տերմինով նկարագրել էր ոչ միայն համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը հրեաների նկատմամբ, այլև 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Միևնույն ժամանակ Կարապետյանը նշում է, որ այս հարցերը պետք է պարբերաբար բարձրաձայնեն ոչ միայն քաղաքական, հասարակական գործիչները, այլև առաջին հերթին մասնագետները, փորձագետները, գիտնականները:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը Հայաստանում քրեորեն պատժելի է: «Ինչն է շատ Հայաստանում, դատախազներն ու քննչական մարմինները: Եվ ես հույս ունեմ, որ նրանք Հայաստանին են ծառայում: Այն դատախազը, որը քրեական վարույթ կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, կարող է մտնել Հայոց պատմության մեջ որպես մարդ, որն անկեղծորեն ծառայել է Հայրենիքին: Նույնը վերաբերում է այն քննիչին, որը կքննի Նիկոլ Փաշինյանի գործը, ինչպես նաև այն դատավորին, որը կդատապարտի Նիկոլ Փաշինյանին»,-ասում է Կարապետյանն ու հավելում, թե այս կամ այն քաղաքական գործչի վրա մտացածին գործեր կարելը, նկարելն, ի վերջո, կավարտվի նրանով, ինչ այսօր կատարվում է ԱՄՆ-ում, երբ բոլոր նրանք, ովքեր գործեր են կարել Թրամփի վրա, ովքեր ասում էին, թե նա «ռուսական շպիոն» է, հիմա պատասխանատվության են ենթարկվում ստի ու կեղծիքի համար:«Բայց մեզ մոտ ավելի կոշտ է լինելու ամեն ինչ: Պետության այսպես կոչված ղեկավարի հետ նստելու են բոլորը, ովքեր գործեր են կարել, ովքեր նրա թելն են թելել, ընդ որում՝ գուցե ավելի խիստ, քան ինքը: Որովհետև Նիկոլ Փաշինյանը փորձելու է «ատմազկա» լինել, նա շատ փող ունի, վարձելու է արևմտյան հայտնի փաստաբաններ, որ իրեն պաշտպանեն: Ավելին, նա հիմա տուն է «նայում», որտեղ ցանկանում է հետագայում ապրել: Հասկանալի է՝ ոչ Հայաստանում: Իսկ մյուսները շանս չունեն»,-ասում է Արշակ Կարապետյանն ու հավելում, որ բոլոր այն հայերը, որոնք ոտնձգություն կկատարեն Հայոց ցեղասպանության թեմայի նկատմամբ, նրանք իր համար հայրենիքի դավաճաններ են:
Ըստ Կարապետյանի, միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լինել այդ երկրի հետ քաղաքակիրթ հարաբերությունների ու այն բանի երաշխիք, որ Թուրքիան այլևս երբեք նման բան չի անի: