«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նշանակված փորձաքննությունների մասով եզրակացությունները դեռ չեն ստացել։ Սա նշանակում է, որ 1 ամիս անց դեռ առեղծված է մնում պատգամավորի մահը։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը, մոտ 350-400 մետր գլորվել է խորքում: Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել էին Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մարմինը, ում նախորդ օրվանից որոնում էին: Պատգամավորի գործընկերները ArmLur.am-ի հետ զրույցում պատմել էին, որ Սահակյանը օդանավակայան էր գնացել, դիմավորել էր արտերկրից վերադարձած ծնողներին, տարել տուն, ապա դուրս եկել՝ ասելով, թե գործեր ունի:
Դեպքից 1 ամիս անց կարեւոր հարցերը մնում են անպատասխան։ Ո՞ւր է գնացել Մհեր Սահակյանը: Ո՞ւմ հետ է եղել: Ինչո՞ւ է հասել Տիգրանաշենի ոլորաններ: Հարազատները նշում են՝ այդ տարածքներում ծանոթ-բարեկամ չունեն։ Ո՞ւմ հետ էր խոսել վերջին անգամ, ի՞նչ էր ասել։ Կարո՞ղ էր ինչ-որ մեկը նրան այնտեղ հասցնել՝ վնասելու նպատակով: Հնարավո՞ր է՝ որեւէ ՔՊ-ական կամ ՔՊ-ամերձ քինախնդրություն դրսեւորի, վրեժխնդիր լինի նրանից, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ 2023 թվականի մարտի 31-ին, հարվածեց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Ինչո՞ւ կա այս հարցը, որովհետեւ ՔՊ-ականները դաժան վրեժխնդիր եղան երիտասարդ Սամվել Վարդանյանից:
2024 թվականի ապրիլի 16-ին նրան զինված դիմակավորված անձինք մահակներով դաժան ծեծի ենթարկեցին ու խոշտանգեցին, միայն այն բանի համար, որ ավտոբուսում վիրավորել էր ՔՊ-ական (հիմա արդեն նախկին) պատգամավոր Հակոբ Ասլանյանին: Գուցե եղանակային պայմաններով պայմանավորված մոլորվե՞լ էր 14 տարի այդ մեքենան վարող Մհեր Սահակյանը: Միգուցե ինչ-որ մեկը մեքենան վարել է նրա ուղղությա՞մբ, ինչի պատճառով էլ Սահակյանի ավտոմեքենան գլորվել է ձորը:
Իսկ գուցե իսկապես դժբախտ պատահա՞ր է տեղի ունեցածը, եւ մյուս հարցերը չեն կարող գոյություն ունենալ:»