Այս հրապարակման մեջ ԱԺ նախագահի թիմակիցներին խոցել էր հատկապես «արդուկի գծով խորհրդական Աշխեն Հայրապետյան» ձեւակերպումը, որի առնչությամբ ստիպված եղանք առանձին հարցում ուղարկել:
- «Աշխեն Հայրապետյանը, որը գրեթե բոլոր գործուղումների ժամանակ ուղեկցում է Ալեն Սիմոնյանին, կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում:
- Խնդրում ենք ներկայացնել, թե որպես խորհրդական, Աշխեն Հայրապետյանը մինչ օրս քանի՞ խորհուրդ է տվել Ալեն Սիմոնյանին, որո՞նք են եղել դրանք, եւ ինչպե՞ս է այդ խորհուրդները կիրառել ԱԺ նախագահը (ներկայացնել ամբողջական ցանկով):
- ՔՊ-ական պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են, որ Աշխեն Հայրապետյանը Ալեն Սիմոնյանի հագուստի արդուկի եւ կոստյումի ուսերի փոշիների հարցերով է զբաղվում: Վերջերս էլ նոր սարքավորում է ձեռք բերել՝ ուսերի փոշիները մաքրելու համար»:
Այս պարզ հարցադրումներին, որոնք ենթադրում էին հստակ պատասխաններ եւ պարզաբանումներ, ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը պատասխանել է. «Աշխեն Հայրապետյանը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները եւ իր հաստիքին համապատասխան գործառույթները»
Մնացած հարցերը բարեխղճության էտալոն Ալեն Սիմոնյանը իր խոսնակի միջոցով համարել է «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով չնախատեսված հարցում»: Թեեւ լավ կլիներ՝ իրավաբան ԱԺ նախագահը իմանար, որ իր նախկին օգնականին (ամենայն հավանականությամբ բարձր աշխատավարձ ստանալու համար) խորհրդական դարձնելուց բացի՝ պարտավոր է պատասխանել, թե ինչ գործառույթներ է իրականացնում անգամ հայեցողական այդ պաշտոնյան բացի կենցաղային հարցերից:
Իհարկե, դժվար է պատկերացնել, թե Աշխեն Հայրապետյանը ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին, բայց այս անպատասխան հարցաշարը շատ հարցերի պատասխան էր արդեն:»