Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2024 թ. հունիսի 6-ի N 834-Ն որոշման մեջ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հանդիսանում է օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում պետական լիազորված մարմին:
Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաև N-834-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլխով նախատեսված վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման կարգը։ Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվություն Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները ստանում են համաձայն կարգի Ձև N 1-ի։ Կարգի 4-րդ գլուխը վերաբերում է վտանգավոր բեռների օդով փոխադրման համար համապատասխան փաթեթավորման, փաստաթղթային ձևակերպման գործընթացին՝ Հայաստանում գրանցված օդանավ շահագործողների կամ նրանց բեռնային փոխադրումների գործակալների կողմից լիազոր մարմնին ուղարկվող հայտերի հիման վրա։ Հայտով սահմանված օդով վտանգավոր բեռների փոխադրման համար համապատասխան փաթեթավորման, փաստաթղթային ձևակերպման գործընթացի կատարման համար անհրաժեշտ է լիազոր մարմնի կողմից համաձայնություն։
Այն տալիս է համաձայնություն հայտով սահմանված փոխադրումը կատարելու համար, այլ ոչ թե թույլտվություն։ Նա ուսումնասիրում է հայտով ներկայացված տեղեկատվությունը՝ փոխադրումն իրականացնող ավիաընկերության շահագործման հատուկ դրույթներում համապատասխան նշումները, փոխադրվող վտանգավոր բեռի բնույթը, ՄԱԿ-ի կողմից վտանգավոր բեռին տրված քառանիշ ծածկագիրը, բեռի քանակն ըստ չափման միավորի, ընդհանուր տեղերի քանակը, փաթեթավորման տեսակը, փոխադրման ուղղությունը, օրը, չվերթի համարը և տրվում համաձայնություն փոխադրումն իրականացնելու համար։