13 Փետրվարի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին կալանքի տակ է` գտնվում է ԱԱԾ-ին կից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ մենախցում։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը կարծում է, որ  Թբիլիսսկին պետական կամ այլ տեղից իջեցված պատվերով է գտնվում կալանքի տակ․ «Դատավարական ծայրահեղ խախտումներով գործը քննվել եւ ուղարկվել է դատարան։

Ունենք վկայի ուղիղ ցուցմունք այն մասին, որ նրա գրպանը թմրամիջոց են նետել, եւ դա այնպիսի թմրամիջոց է, որը քրեական միջավայրում ընդունված չէ (խոսքը «կրիստալի» մասին է)։ Այսինքն՝ ակնհայտ փորձել են վարկաբեկել։ Մյուս մեղադրանքն ապօրինի հրազեն պահելն է, այստեղ էլ քննիչն առանց պաշտպանի եւ թարգմանչի գնացել, խուզարկել է խուցը՝ խախտումներով, ստելով, չբացատրելով, որ բովանդակային խուզարկություն է անում, վերցրել է ԴՆԹ նմուշներ, իբր թե դրանք նույնականացվել են զենքից վերցվածի հետ։

Իսկ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում կրել-ստեղծելու մեղադրանքով նա արդարացվել է․․․ ակնհայտ է, որ Հայաստանում որոշ շրջանակներ վախենում են Վիտալի Թբիլիսսկիի հեղինակությունից, եւ սա է պատճառը, որ առանց խափանման միջոցի փոփոխության, մեկուկես տարի է՝ նա գտնվում է մենախցում՝ բացառելով արտաքին աշխարհի հետ ցանկացած կոնտակտ»։

Պաշտպանի խոսքով՝ Թբիլիսսկիից վերցվել է արյան նմուշ, որտեղ հայտնաբերվել է միայն «տրամադոլ» հոգեմետ դեղամիջոցը, որը բժշկի ցուցմամբ է ընդունում, քանի որ ունի առողջական խնդիրներ։ Նշենք, որ Վիտալի Թբիլիսսկին Հայաստանի 21 օրենքով գողերից միակն է, որը գտնվում է կալանքի տակ։ Ոմանք կարծում են` պատճառն այն է, որ նա Գագիկ Ծառուկյանի մտերիմն է»:

Լրահոս