12 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» էլեկտրոնիկայի պահեստում առաջացած հրդեհից հետո «Դոմուս» ՓԲԸ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2025 թվականին «Դոմուս» ՓԲԸ-ն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ արդեն երկու հայց ունի վարչական դատարանում ու փորձում է տեսչական մարմնի որոշումներն անվավեր ճանաչել։

Դատելով իրավիճակից՝ մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի հրդեհը տեսչական մարմինը «Դոմուս»-ում խնդիր է տեսել ու կարգադրել է ընկերությանը որոշակի քայլեր ձեռնարկել, որոնք առնչվել են անվտանգության կանոններին: Փաստացի, երկու կողմերը իրար չեն հասկացել, եւ դրանից հետո «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվեց մոտ 3000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող երկհարկանի շինությունը՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք եւ այլն։ Բարեբախտաբար, տուժած անձինք չկային:

Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ասել էր, որ հրդեհային անվտանգության կանոնները պահպանված չեն եղել: Մինչդեռ «Դոմուս» ընկերությունն իր հայտարարությունում հերքել է դա եւ հայտնել, որ, աշխատակիցների դիտարկմամբ, հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների հետեւանքով:

Փաստ է մեկ բան. հրդեհի գործով քննություն է իրականացվում ամիսներ շարունակ, ու մինչ օրս դեռ հիմնական պատճառների մասին քննչական կոմիտեն լռում է, իսկ «Դոմուս»-ի սեփականատերերը դատարաններում են կռիվ տալիս պետական կառույցների դեմ»:

 

 

Լրահոս