«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեկ անգամ չէ ապացուցվել, որ, այսպես ասած, «եվրոպական ուղուն» ամենամեծ վնասը հասցնում են Հայաստանը դեպի ԵՄ «տանող» քաղաքական «ուժերն» ու անհատները: Ինչպե՞ս են վնասում: Իրենց գործունեությամբ, իրենց դրսևորած պահվածքով, որոնք ոչ մի կապ չունեն իրենց իսկ տարփողած «եվրոպական արժեքների» հետ: Մյուս կողմից՝ հասարակության մեջ վարկանիշի գրեթե բացառմամբ: Արդյունքում, նույնիսկ մեր այն հայրենակիցները, որոնք դեպի ԵՄ գնալը ճիշտ են համարում, հիասթափվում են, ընդ որում՝ ոչ միայն այդ «ուղուց», այլև հենց Արևմուտքից, որի ներկայացուցիչներ են իրենց համարում նշյալ շրջանակները:
Վերը ասվածի ամենից թարմ ու ցայտուն վկայություն-օրինակն ուղիղ եթերում արձանագրված վերջին խուլիգանությունն էր՝ «Եվրամասիվի» թաղապետարանում: Թե իշխանական իրավապահ մարմինները ինչ «կուլբիտներ» կանեն կամ չեն անի, տեղի ունեցածը կոչվում է խմբակային խուլիգանություն: Ավելին, շատ իրավաբաններ այդ արարքը որակում են Քրեական օրենսգրքի 450 հոդվածով:
Իսկ եթե ամփոփելու լինենք այն, ինչ կատարվում է այս օրերին, ապա կարելի է մի քանի ուշադրության արժանի դիտարկում անել:
Նախ՝ սա հետևանքն է այն ամեն ինչի, ինչը տարիներ շարունակ ցանում էր Նիկոլ Փաշինյանը: Ասված է, չէ՞, քամի ցանես՝ փոթորիկ կհնձես: Այն թույնն ու չարությունը, այն ատելությունը, այն թշնամանքը, որ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ցանում, հրահրում ու սերմանում էին ( և՝ են) հասարակության մեջ, անխուսափելիորեն պետք է բերեր լուրջ խնդիրների: Ու բերեց: Ու, ցավոք, դեռ բերելու է:
Բավական է մի փոքր առանց հույզերի զննել ՔՊ-ի ու փաշինյանականների վերջին շրջանի վարքն ու արձագանքները՝ համոզվելու համար, որ նրանք հիստերիկայի ու խորագույն ցայտնոտի մեջ են: Ի լրումն, նաև՝ ցուգցվանգի (սա վիրավորանք չէ, այլ շախմատային եզրույթ, որը նշանակում է վատ վիճակ, որի պայմաններում ցանկացած քայլ բերում է էլ ավելի վատ վիճակի):
Իսկ ինչո՞ւ են իրենք լուրջ ցայտնոտի ու հիստերիայի մեջ: Որտեղի՞ց է գալիս նրանց այդ կատաղի ագրեսիան, այդ թվում՝ ոչ միայն վերբալ ագրեսիան: Կարծում ենք՝ իրենք՝ Փաշինյանը, ՔՊ-ն ու սատելիտվողները ևս հրաշալի հասկանում են, որ սպառված են, որ իրենց ժամանակը սպառվում է, ընդ որում՝ ոչ միայն ներքին դաշտում, այլև արտաքին խաղացողների, այդ թվում՝ իրենց իշխանության բերածների համար: Մյուս կողմից՝ հասկանում են, որ սատելիտ ուժերն իրենց վնասում են ու բալաստի նման քաշում են դեպի քաղաքական հատակային անէություն: Տեղից՝ վիճակները մի բան չէ… Գումարած՝ ակնհայտ է, որ նույնիսկ կոալիցիա կազմելու հույսերն են փլուզվում, քանի որ այդ ուժերը նույնիսկ իշխանության ամենամեծ ցանկության պարագայում ոչ մի կերպ չեն անցնի խորհրդարան: Գյումրին՝ վկա:
Հարկավ, տոտալ հիստերիայի մեջ ընկած՝ կփորձեն հին ու ջարդված քարոզչասազը կամ նույնիսկ քարոզչակիթառը ծնգծնգացնել (նախկիններ, թալան, «30 տարի», Ռուսաստան և այլն), բայց այդ խաղն էլ է վաղուց «վառված»: Հետհաշվարկը, ինչպես ասվում է, սկսված է…