Հայկական ծանրամարտը տարիներ շարունակ աշխարհում լավագույններից է, այժմ էլ նոր սերնդի, նոր անունների կողքին դեռևս իրենց խոսքն են ասում ավագ սերնդի ներկայացուցիչները: Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու բազմակի մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը քաշը փոխելուց հետո նորից վերադարձել է «իր սիրելի» քաշային կարգ և այստեղ կրկին Եվրոպայի առաջնության մեդալակիր է:
«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Մարտիրոսյանը խոսել է Եվրոպայի առաջնության, իր հետ նույն քաշային կարգում հանդես եկող Գարիկ Կարապետյանի, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բաց թողած ոսկու ու «սպորտային քաղցի» մասին:
-Սիմոն, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար: Սկսելով վերջին մրցաշարից, որը Եվրոպայի առաջնությունն էր, և որին մասնակցեցիք Ձեր «հին ու սիրելի» քաշային կարգում՝ պիտի խնդրեմ, որ գնահատեք Եվրոպայի առաջնությունը, ինչպիսի՞ն էր այն ընդհանուր առմամբ:
-Եթե գնահատական տամ իմ կատարած աշխատանքին ու գնահատեմ 10 բալային համակարգով, ապա 2 կամ 3: Քանի որ Եվրոպայի առաջնությունում իմ բարձրացրած քաշերը շատ փոքր քաշեր էին ինձ համար: Այդ քաշերը բավարար էին այն առումով, որ Եվրոպայի առաջնությունից առաջ ոտքիս մկանը կտրեցի ու դրանից հետո բավականին երկար ժամանակ չկարողացա նորմալ մարզվել: Եվ, երբ քիչ-քիչ սկսեցի մարզավիճակ հավաքել, արդեն Եվրոպայի առաջնության ժամանակն էր: Ու քանի որ ինձ համար կարևոր էր Եվրոպայի առաջնությանը մասնակցելը, ես որոշեցի գնալ այս առաջնությանը: Մինչ Եվրոպայի առաջնությունը մարզումների ժամանակ հրում էի 210 կգ, իսկ մրցման ժամանակ 213 կգ-ից սկսեցի ու բարձրացրեցի 225 կգ: Բայց սրանք այն քաշերը չեն, որոնցով պետք է Եվրոպայի առաջնությունում հաղթեի:
-Ձեր քաշային կարգում Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ` Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը: Նախ ինչպիսի՞ երիտասարդ սերունդ ունենք հավաքականում և ինչպիսի՞ հեռանկար ունի Գարիկը:
— Թիմում ունենք շատ երիտասարդ մարզիկներ, որոնք համալրել են հավաքականը: Ու վստահ եմ, որ հետագայում շատ կլսեք նրանց մասին: Գարիկ Կարապետյանն էլ շատ տաղանդավոր մարզիկ է, ընկեր ու թիմակից: Որքան էլ ամեն մեկը ցանկանում է, որ ինքը դառնա չեմպիոն, ես իսկապես Գարիկի համար ուրախ էի, քանի որ նա նոր քաշեր բարձրացրեց: Կամային հատկանիշների շնորհիվ նա ապացուցեց, որ ինքն էլ է ուժեղ, խոսք ունի ասելու:
-Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո Դուք բարձրացաք գերծանր քաշային կարգ, իսկ հիմա կրկին վերադարձել եք այս քաշ: Նախ ինչո՞ւ բարձրացրեցիք քաշային կարգը ու ի՞նչը հիմք ծառայեց հետ վերադառնալու համար:
-Քանի որ 109 կգ քաշն օլիմպիական քաշ չէր, ավելի շատ հենց դա պատճառ դարձավ: Դրանից առաջ էլ 8 տարի շարունակ քաշ էի գցում, ինչից տուժում էր իմ ֆիզիկական վիճակն ու նյարդային համակարգը: Ամեն ինչ, կարծես, խառնվել էր իրար, ու չէր ստացվում քաշ գցել: Տարիների ընթացքում ինքնակրթվելով՝ շատ ու շատ երևույթների սկսում ես այլ տեսանկյունից նայել: Եվ վերջին տարիներին հասկացա, որ գերծանր քաշային կարգը իմը չէ: Ես ինքս ինձ իմ օրգանիզմում չէի զգում, մարմինս չէի զգում: Պարզապես ապարդյուն էր այդ ամենը: Այն ժամանակ 123 կգ էի, քաշ էի գցում ու դառնում 109 կգ, իսկ այժմ մարզումային քաշս 113-115 կգ է ու շատ ավելի հեշտ է քաշ գցելը:
-Սիմոն, արդյոք ես Ձեզ ճի՞շտ եմ հասկանում: Դուք մնո՞ւմ եք ծանրամարտում և հստակ ասելիք ունե՞ք այս մարզաձևում:
-Միանշանակ:
-Ո՞րն է Ձեր հաջորդ քայլը: Արդյոք հաջորդիվ պատրաստվո՞ւմ եք աշխարհի առաջնությանը:
-Այո: Մեկ ամսից կսկսենք հավաքները՝ նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը, բայց ես հիմա իմ անձնական մարզչի հետ եմ մարզումներս անցկացնում:
-Ձեզ զգում եք ինչպես հին ու բարի ժամանակներո՞ւմ, ինչպես, օրինակ, Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ:
-Անկեղծ ասած՝ հիմա ինձ շատ լավ եմ զգում այս քաշում. թե՛ մարզումների ծանրաբեռնվածության առումով, թե՛ քաշ գցելու:
-Տոկիոյի Օլիմպիական խաղերը Ձեր վերջին խաղերն էին, որտեղ այնքան մոտ էիք բաղձալի ոսկուն: Հիմա հետ նայելով՝ ի՞նչ տեղի ունեցավ:
-Պարզապես վնասվածքները չթողեցին, որպեսզի այդ պահին լավ մարզավիճակում լինեմ: Եթե խաղերը 2021 թվականի փոխարեն լինեին 2020 թվականին, այդ շրջանում ո՛չ մեջքի խնդիր ունեի, ո՛չ էլ մենիսկս էի կտրել: 2020 թվականին այլ տարբերակ չէր էլ քննարկվի: 2021 թվականին ժամանակն ի վնաս ինձ էր աշխատում: Ու երբ վնասվածք կա ու դրա հետ մեկտեղ նաև քաշ ես գցում, ամեն ինչ ավելի ծանր է անդրադառնում օրգանիզմի վրա:
— Բայց ափսոսանք չունեք չէ՞:
-Կա, միանշանակ կա ափսոսանք: Ինձ համար այսպես է` ինչ եղել է, արդեն անցյալում է: Պարզապես պետք է այդ ամենը որպես խթան օգտագործել ու սպորտային զայրույթն ավելի ճիշտ օգտագործել:
-Սիմոն, օլիմպիական «քաղց» ունե՞ք: Օլիմպիական խաղերի մեդալի, ինչու ոչ, ոսկու ձգտում ունե՞ք:
-Ունեմ, ինչպե՞ս չունեմ: 109 կգ քաշ վերադառնալու նպատակը դա է: Որքան ես եմ տեղյակ, 109 կգ քաշային կարգը դառնալու է 110 կգ, ու դա կլինի օլիմպիական քաշ:
-Ի՞նչ է Ձեզ տվել ծանրամարտը ու ի՞նչ տարել:
-Ճիշտն ասած՝ այնքան բան է տվել ինձ ծանրամարտը, որ տանելու մասին չեմ էլ մտածում: Տարել է միայն առողջությունս, նյարդերս ու երիտասարդ տարիներից ժամանակահատված: Բայց հենց այդ ամենը պետք է տաս, ինչ-որ բան ստանալու համար:
-Փոխելով հարցերի ուղղվածությունն ու հեռանալով սպորտից. բոլորս մեր կյանքում ունենք մեկին, որն օրինակ է մեզ համար՝ իր որակներով, աշխարհընկալմամբ: Ունե՞ք Դուք այդ մեկին:
-Ինձ համար ամենաթանկ մարդիկ իմ ընտանիքի անդամներն են ու նրանք, որոնց հետ ես շփվում եմ, որոնք իսկապես հարազատ են ինձ: Եթե ընտրյալ նկատի ունեք, ապա դեռևս չունեմ այդ մեկին:
-Իսկ մարզաձևում կան մարզիկներ, որոնք օրինակ են Ձեզ համար:
-Երբ ես նոր էի եկել հավաքական, այո, այն ժամանակ թիմում ինձ համար օրինակ էին Տիգրան Մարտիրոսյանը, Գոռ Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը:
-Ո՞ւմ եք զանգում առաջինը՝ լավ լուր ստանալիս:
-Ծնողներիս, եղբորս:
-Եթե հայտնվեիք անմարդաբնակ կղզում, ի՞նչ կվերցնեիք Ձեզ հետ:
-Զենք (հեղ. ծիծաղում է):
-Եկեք մեր ընթերցողներին ասենք, որ Դուք որսի մեծ սիրահար եք:
-Եթե տեսնեիք Աստծուն ի՞նչ կասեիք:
-Ծովից ծով Հայաստանը կխնդրեի: Իրականում Աստծուց միայն շնորհակալ եմ այն փորձությունների համար, որ տվել է ինձ ու շնորհակալ եմ այն կամային հատկանիշների համար, որոնք ունեմ այդ փորձությունները հաղթահարելու շնորհիվ: Հենց այդ փորձությունների շնորհիվ է, որ ավելի հասուն եմ ու ավելի խորիմաստ:
— Եվ վերջում, գիտեմ, գուցե, դեռ վաղ է, բայց ինչպե՞ս կուզեք որ Ձեզ հիշեն որպես մարդ ու որպես մարզիկ:
-Որպես մարդ՝ հասարակ, ժպտերես մարդ: Իսկ որպես մարզիկ` օլիմպիական չեմպիոն: